Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը
Հասարակություն
18:30, 20 октябрь 2021
ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանումը:

– ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փոփոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:  

– Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին: Եվ ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները, կապահովվի անձանց իրավունքների անարգել իրացումը:

– Գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

– Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից,  և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայում գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որպես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրացումը:

– Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձնացնեիք այս նախագծից:

– Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քաղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրամադրման ժամկետը սահմանված է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթացակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրավունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խնդիրն առավել ցայտուն դարձավ պատերազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգորիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։