Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին
Հասարակություն
11:05, 21 октябрь 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

«Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 6 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնում են Հիմնադրամից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։

«Հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում»,- ասված է հաղորդագրությունում։