Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխոստիկանապետը բացատրել է հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը

Փոխոստիկանապետը բացատրել է հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը
Հասարակություն
16:53, 21 октябрь 2021
Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ Ոստիկանության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է նվազեցնել անձնագրերի վավերականության ժամկետը։

Ֆիդանյանն ասաց՝ հին անձնագրերի ժամկետի կրճատման նպատակը կենսաչափական անձնագրերի համակարգին անցնելն է․

«Նպատակը բացառապես մեկն է․ այսօր մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մինչև 2022 թ․-ի ավարտը լիովին անցած կլինենք կենսաչափական անձնագրերին և կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմանը։ Այս քայլով մենք փորձ ենք անում հնարավորինս կրճատելու այն անձանց թիվը, որոնք զրկված են լինելու կենսաչափական անձնագրերից։ Եթե մենք հաջորդ տարվա ընթացքում տանք հին անձնագրերը ևս 10 տարի ժակետով, չենք ունենա ոչ մի գործիքակազմ, որպեսզի այդ անձնագրերը հետագայում փոխարինենք կենսաչափական անձնագրերով։ Ստացվում է, որ մենք առնվազն մինչև 2032 թ․-ը ունենալու ենք քաղաքացիներ, որոնք օգտվելու են հին նմուշի անձնագրերից»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին: