Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լրագրողների և օպերատորների նկատմամբ մի քանի օրում արձանագրվել են՝ ֆիզիկական բռնության, այլ տեսակի ճնշումների և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր»․ Աշոտ Մելիքյան

«Լրագրողների և օպերատորների նկատմամբ մի քանի օրում արձանագրվել են՝ ֆիզիկական բռնության, այլ տեսակի ճնշումների և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր»․  Աշոտ Մելիքյան
Հասարակություն
14:28, 22 октябрь 2021
Այս տարվա 3-րդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ ժամանակահատված էր՝ նախևառաջ նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից, որոնք և՛ օրենսդրական նախաձեռնությունների, և՛ տարբեր նորմատիվ-իրավական ակտերի ու պրակտիկ գործողությունների միջոցով են իրականացվել և սահմանափակել լրագրողական գործունեությունը։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում «Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առաջին հերթին պետք է հիշատակեմ 8-րդ գումարման ԱԺ ղեկավարության այն որոշումը, որն ընդունվեց հունիսի 30-ին և միտված էր լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը ԱԺ շենքի տարածքում։ Սա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ամբողջ պատմության համար, և մենք արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու և նաև՝ հանձնաժողովների աշխատանքը լուսաբանելու»,- նշեց պարոն Մելիքյանը։

Մյուս  աննախադեպ քայլն, ըստ նրա,  ԱԺ նախագահի հրահանգով ուղիղ եթերի դադարեցումն էր, երբ նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց տարբեր խմբակցությունների պատգամավորների միջև, և դա ուղղորդվեց  ազգային անվտանգության աշխատակիցների բիրտ գործելակերպով, ինչը կրկին ԱԺ ղեկավարության հրահանգով էր։

«Երբ նրանք մտան մամուլի օթյակ և պարտադրեցին, որ լրագրողները լքեն տարածքը և, բացի դրանից, դադարեցնեն նկարահանումները։ Ես կարծում եմ, որ սա նույնպես դատապարտելի երևույթ է, քանի որ հենց լրագրողները պետք է ցույց տան հասարակությանը, թե ինչ Ազգային ժողով է ընտրվել, և ամեն պատգամավոր ինչպիսի վարքագիծ է ցուցաբերում»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։

Նա հատկանշական համարեց իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի մեկնաբանությունն առ այն, որ «ԱԺ-ում ծեծկռտուքը լրագրողների լուսաբանման գործառույթը չէ»։ «Սա կարող է առանձին կարծիք դիտարկվել, բայց մյուս կողմից, իհարկե, խոսքը իշխող ուժի այն կարկառուն ներկայացուցիչներից մեկի մասին է, որը նաև հանձնաժողով է ղեկավարում, և այս մոտեցումը չի կարող ընդունելի լինել ոչ միայն լրագրողական հանրության, այլև հասարակության համար»,- նշեց պարոն Մելիքյանը։ 

Նրա խոսքով՝ այս իրադարձությունները զուգորդվել են լրագրողների նկատմամբ բռնություններով և այլ ճնշումներով, և միայն այդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել են լրագրողների և օպերատորների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության, 3 այլ  տեսակի ճնշումների և 2 տեղեկություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման դեպքեր։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ միասին այդ բոլոր միջադեպերին արձագանքել է, հանդես եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների և օպերատորների գործունեության համար։