Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի զինծառայողները չեն մտել Կոռնիձոր, անասուններն են անցել Ադրբեջանի կողմ, մենք տեսել ենք ու արձանագրել․ Տեղի համայնքապետ

Ադրբեջանցի զինծառայողները չեն մտել Կոռնիձոր, անասուններն են անցել Ադրբեջանի կողմ, մենք տեսել ենք ու արձանագրել․ Տեղի համայնքապետ
Հասարակություն
14:02, 25 октябрь 2021
«2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ»,- այս մասին երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ահազանգել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ընդգծել, որ Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր:  

Ըստ ՄԻՊ-ի գրառման՝ այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով: 

Մինչդեռ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ  ադրբեջանցի զինծառայողները չեն մտել Կոռնիձոր՝ անասուն տարել, այլ անասուններն են անցել Ադրբեջանի կողմը՝ կանաչ խոտ ուտելու: «Գյուղացին անասուններին տարել է արոտավայր արածեցնելու՝ մեր կողմը չոր խոտ է, որովհետև անսուններ ունենք և հաճախ արածեցնում ենք, իսկ ադրբեջանցիների կողմը անասուն չկա՝ այնտեղ կանաչ խոտ է, և անասունները գնում են դեպի այդ կանաչ խոտի կողմը: Մեր կողմում հայ սահմանապահները կանգնած են, նրանց հետ միասին տեսել ենք ու սահմանապահ զորքերի հրամանատարի հետ արձանագրել, թե քանի անասուն է անցել ադրբեջանական կողմը՝ 105 գլուխ մայր ոչխար և 5 այծ»,- ասաց Դավիթ Ղուլունցն ու հավելեց, որ ռուս խաղաղապահների հրամանատարությանն են տեղյակ պահել և սպասում են պատասխանի։