Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տրանսպորտային միջոցներից օգտվելու նոր քարտային համակարգն ավելի լավը կլինի, քան անգամ եվրոպական քաղաքներում գործող համակարգը»․ Հայկ Մարության

«Տրանսպորտային միջոցներից օգտվելու նոր  քարտային համակարգն ավելի լավը կլինի, քան անգամ եվրոպական քաղաքներում գործող համակարգը»․ Հայկ Մարության
Հասարակություն
13:26, 26 октябрь 2021
Մեր նոր ժամանած ավտոբուսները  նույնպես  հագեցած են լինելու մետաղադրամի արկղերով։ Եթե չլինի այդ 100 դրամը և այս պահին ստիպենք մարդկանց տոմս գնել, դա ավելի անհարմար կլինի։ Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

Նա նշեց, որ այս տարբերակով հեշտացվել է գործընթացը, որը ժամանակավոր լուծում է, քանի որ շուտով կկայանա  քարտային համակարգի ներմուծման համար մրցույթը։

«Մենք ինտենսիվ աշխատել ենք այս ընթացքում, որպեսզի 2-3 ամսվա ընթացքում, սա ասում եմ մոտավորապես, արդեն սկսենք տեղադրել նոր քարտային համակարգը, որն ընդհանրապես անկանխիկ կլինի, կհեշտացնի գործընթացը և ավելի լավ համակարգ կլինի, քան անգամ եվրոպական զարգացած քաղաքներում։ Ինչո՞ւ, քանի որ նրանց համակարգերն ավելի վաղ են ներդրվել, և նորարարությունները դեռ չկան, իսկ մենք միանգամից կդնենք այն համակարգը, որն այսօր աշխարհում ամենաառաջադեմն է», - ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում միառժամաակ զուգահեռ կգործեն 2 համակարգն էլ՝ քարտային և 100 դրամների արկղերի․ «Միասին քննարկումների միջոցով կորոշենք ինչքան ժամանակ,  կզգուշացնենք, որ և՛ կանխիկն է գործում, և՛ անկանխիկը, բայց օրինակ 6 ամիս, կամ 1 տարի հետո, արդեն միայն գործելու է անկանխիկը և կգնանք առաջ»։

Անդրադառնալով Չինաստանից պատվիրված 8 և 6 մետրանոց 212 նոր ավտոբուսներին, որոնք արդեն Հայաստանում են, Մարությանը նշեց, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ հանձնում-ընդունում կազմակերպելու, փաստաթղթային հարցերը կարգավորելու համար, ինչպես նաև, ավտոբուսներից մոտ 6-ը չնչին չափով վնասվել են՝ նավային ճանապարհով բերելու հետևանքով։ Դրանց վերանորոգումից հետո շատ արագ նոր ավտոբուսները կմտնեն երթուղի։

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ վարորդներն այժմ հրավիրված մասնագետների կողմից ուսուցում են անցնում՝ նոր ավտոբուսները սպասարկելու համար: