Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարված զինծառայողների հարազատները արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում Գյումրի-Երևան ճանապարհը

Գերեվարված զինծառայողների հարազատները արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում Գյումրի-Երևան ճանապարհը
Հասարակություն / Իրավունք
19:24, 10 февраль 2021
Այսօր՝ կեսօրից սկսած, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են միջպետական ճանապարհները: 
Փակվել է նաև Գյումրի-Վանաձոր ճանապարհը. տեղեկացնում է armtimes.com-ը:

Այս պահին փակ է Գյումրի-Երևան ճանապարհահատվածի Ազատանի հատվածն ու Հոռոմի խաչմերուկը: Զինծառայողների հարազատները լրատվամիջոցների հետ շփումից կտրականապես հրաժարվում են: Ասացին՝ նոր ասելիք չունեն, պահանջում են իրենց զավակներին, նաև հարցադրումներին ուղիղ ու հստակ պատասխաններ են փնտրում:

Նաև հստակ չէ, թե ում են սպասում: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ճանապարհը փակած քաղաքացիները մտադիր են գիշերը ևս ճանապարհը փակ պահել:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Մենք ունենք հետպատերազմյան խնդիրներ, որոնք լուծման փուլում են, բոլորս հիմա հուզական շատ ծանր վիճակում ենք, բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով: Լուծումներն էլ օր օրի տեսնում ենք»: