Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնենք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակումը ևս. ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական խմբի փորձագետ

Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնենք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակումը ևս. ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական խմբի փորձագետ
Հասարակություն
17:49, 28 октябрь 2021
Այսօր` հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնել: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով` այս որոշման կայացմամբ 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ։ Ըստ նրա՝ նշված ՔԿՀ-ները փակելու դեպքում 280 հաստիքի կրճատում է լինելու, որից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընգծեց, որ այդ երկու ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ էին և սիմվոլիկ որոշում է կայացվել` փակելու այդ ՔԿՀ-ները

Civic.am
-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ-փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ:

-Տիկին Հարությունյան, այսօր կառավարության նիստում ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվեց Հայաստանում տարիներ շարունակ անմարդկային պայմաններով գործող ՔԿՀ-ների մասին, կա՞ն այլ ՔԿՀ-ներ, որտեղ անմարդկային պայմաններ են, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում:

-Սպասելի էր, որ պետք է փակվեր, որովհետև քրեակատարողական և պրոբացիայի ռազմավարության մեջ վաղուց այդ մոտեցումը կար, որ եթե անցնում ենք պատժողականից վերականգնողականի ենթադրվելու է նաև որոշակի շենքերի փակում, հատկապես, որ ազատազրկված անձանց թիվն էլ վերջին երկու-երեք տարվա կտրվածքով կտրուկ նվազել էր, և մենք գերբնակեցման խնդիր չունենք: 
Ես միանշանակ չեմ կարող ասել երկու ՔԿՀ-ի փակումը լավ է թե վատ, որովհետև մենք ունենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որը մեր ամբողջ քրեակատարողական համակարգի ամենախնդրահարույց, բայց միևնույն ժամանակ ամենակարևոր, այսպես ասած կենտրոնական ՔԿՀ-ն է: Անմարդկային պայմանների տեսանկյունից հենց հարմար առաջին ՔԿՀ-ն Նուբարաշենն է` ոչ միայն ազատազրկվածների, այլև այնտեղ ամենօրյա աշխատանք կատարողների համար: Եվ ես ակնկալում եմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնենք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակումը ևս: 

- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար անմարդկային պայմաններ ասելով նկատի ունե՞ք խոնավություն, տհաճ հոտ։

- Այնտեղ հիմքը ամբողջությամբ ճահճային հիմք է և որքան էլ ամեն տարի վերանորոգվում է ջրի խողովակները, սանհագույցները, կոյուղին` միևնույնն է այնտեղ շարունակ խնդիր ունենք` հոտից սկսած վերջացրած ընդհանուր տարրական հարցերով: Եվ ամեն տարի ինչքան էլ ծախս է արվում ու վերանորոգվում միևնույնն է վերջնաարդյունքին չի ծառայում, որովհետև հիմքից փչացած է: Ես կարծում եմ Երևանում նախատեսված ՔԿՀ-ի կառուցումը շատ արագ պետք է իրականացվի, որպեսզի մենք ազատվենք նաև Նուբարաշենից:
Այսօր կառավարության նիստի ժամանակ նշվեց, որ ՔԿՀ աշխատակիցների կրճատում կլինի և որոշակի գործազրկություն կունենանք: Երկու ՔԿՀ է փակվելու մի մասին տանելու են այլ ՔԿՀ-ներ, մյուս մասին պրոբացիայի ծառայություններ: Սակայն բանտից աշխատողներին պրոբացիայի ծառայություն տանելը միանշանակ չի կարող ընդունվել, որովհետև բանտային` պատժողական ռեժիմից տանելու են պրոբացիա, որը վերականգնողական է: 

-Այսինքն բանտից դեպի պրոբացիայի ծառայություն տեղափոխվելով աշխատակիցները ադապտացիայի խնդի՞ր կունենան:

-Մենք պրոբացիայի ծառայությամբ ուզում ենք ամբողջությամբ անցում կատարել վերականգնողական արդարադատության` բանտային մտածողությունից հեռու ծառայություն ստեղծելով: Եվ եթե մենք հին աշխատողներին ենք բերում այնտեղ, չեմ կարծում, որ մենք հեշտությամբ կհասնենք այդ նպատակին, բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ այդ մարդկանց չպետք է թողնենք, որպեսզի գործազրկության խնդիր ունենան: 

-Դուք նշեցիք, որ երկու-երեք տարի է ինչ նվազել է ազատազրկվածների թիվը, վարչապետի խոսքով էլ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են դատապարտյալների համար, ըստ Ձեզ ինչու՞ հենց հիմա որոշվեց փակել այդ ՔԿՀ-ները, և ոչ ավելի վաղ` օրինակ մեկ-երկու տարի առաջ:

-Այդ երկու ՔԿՀ-ների պայմանները չեմ կարող ասել, որ ակնհայտ համեմատելի էր Նուբարաշենի անմարդկային պայմանների հետ: Այստեղ ես կարող եմ գուշակել, որովհետև նախարարը հենց ինքը այդ մեսիջը տվեց, որ ծախսերի խնայողության անհրաժեշտություն կա 2022թ. համար: «Կոշ»-ն այն ՔԿՀ-ն է, որտեղ ադմինիստրատիվ հատվածը և՛ այս տարի, և՛ անցյալ տարի շատ ավելի մեծ թիվ է եղել, քան այնտեղ պահվող ազատազրկված անձանց թիվը: Եվ եթե մենք փակում ենք` պետական բյուջեից մեծ ծախսերի խնայողություն է տեղի ունենում: Այստեղ պետությունը գնում է ծախսերը ճիշտ կառավարելու քաղաքականության, որովհետև այլ բան է, երբ երեք ազատազրկվածին մեկ հոգի է հսկում, այլ բան է պայմանական ասած «Կոշ»-ում ունենալ 250 աշխատակից և 150 ազատազրկված:

-Փաստորեն բացի այս երկու ՔԿՀ-ներից ևս մեկ ՔԿՀ կա`«Նուբարաշեն», որը Դուք փակելու անհրաժեշտություն եք տեսնում` անմարդկային պայմանների պատճառով, որտեղ այսօր էլ այդ պայմաններում պահվում են բազմաթիվ ազատազրկված անձինք: Ինչպիսի՞ն պետք է լինի լուծումը` սպասենք կառավարությունը հերթով փակի անմարդկային պայմաններ ունեցող ՔԿՀ-ները, և դատապարտյաներին տեղափոխի գործող նորմալ պայմաններով ՔԿՀ-ներ, թե՞ այլ մեթոդաբանություն պետք է կիրառվի:

-Ընդհանուր համակարգը քրեական արդարադատության պետք է փոխվի` սկսված կալանքների հարցից` թե դատարանը ինչ խափանման միջոց է ընտրում և մենք ինչքանով ենք լցնում ՔԿՀ-ները: Դատական համակարգի առողջացումը դեպի վերականգնողական համակարգ պետք է գնա: Մենք ունենք պրոբացիայի ծառայություն և այն ռեսուրսները, որոնք կարողանում ենք մասամբ խնայել, ինչպես նաև այլ ռեսուրսներ հայթայթենք, որոնք գնան դեպի պրոբացիայի ծառայություն , որտեղ ազատության պայմաններում կարողանանք լուծել այն խնդիրը, որը լուծում ենք մարդկանց բանտերում փակելով: 

-Դուք ասացիք, որ պատժողականից անցնում ենք վերականգնողականի, այսինքն նոր մասնագետներ են ներգարվվելու՞: 

-Պատժողականը` դա նա է, ինչը որ մենք ունենք անկախացումից ի վեր: Քրեակատարողական համակարգը` պատժողական է` այսինքն անձին տարանք բանտ, սակայն հետագայում ռեցիդվը կանխելու` նմանատիպ հանցագործություններ թույլ չտալու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում:
Իսկ վերականգնողականի պարագայում արդեն հարթությունը փոխվում է, տուժողն է գալիս նաև կենտրոն և մենք շատ մեծ ուշադրություն սկսում ենք դարձնել նաև տուժողին հասցված վնասի վերականգնմանը, աշխատանք է տարվում նաև հանցանք կատարած անձի հետ` պատճառները վերհանելով: Եվ այս ամենի հիմքում նա է թե ինչքանով ենք կարողանում կանխել նոր հանցագործությունների հավանականությունը: Վերականգնողականի պարագայում խրախուսվում է հանցագործության պատճառված վնասի փոխհատուցումը: Հանցագործին փորձ է արվում հասցնել սոցիալական գիտակցության այն մակարդակին, որ հասկանա ինչ վատ արարք է կատարել, վտանգավոր հետևանքներն ընդունի ու կրի հանցանքի արդյունքում վրա հասնող պատասխանատվությունը:
Այս վերջին տարիների քրեկատարողական ռազմավարությունը շեշտադրում արեց վերականգնողականի անցում: Ես կարծում եմ, որ վերականգնողականի համար պետք են համապատասխան կադրեր, մասնագետներ, որոնք շարժիչն են լինելու այդ համակարգի և դա ես առաջին հերթին տեսնում եմ պրոբացիայի ծառայության մեջ: Եվ երբ ՔԿՀ-ների աշխատողներին առանց կարողությունների, առանց համապատասխան հմտությունների տանում ենք պրոբացիայի ծառայություն մենք չենք հասնի մեր ուզած արդյունքին:

Նարա Մարտիրոսյան