Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդասպանի համար, բնականաբար, Մարտի 1-ը պետք է մանկական խաղ լիներ»․ Մարտի 1-ի զոհերի հարազատներ

«Մարդասպանի համար, բնականաբար, Մարտի 1-ը պետք է մանկական խաղ լիներ»․ Մարտի 1-ի զոհերի հարազատներ
Հասարակություն
16:31, 05 март 2021
ՀՀ 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և հայտարարել, թե «Մարտի 1-ի դեպքը «մանկական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»։ 

Հետպատերազմյան իրավիճակի և Մարտի 1-ի դեպքերի հետ Քոչարյանի համեմատության առթիվ՝ զրուցեցինք Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված զոհերի հարազատների հետ։ Զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի համեմատությանը, ասաց․ «Քոչարյանի նման մարդկանց համար Մարտի 1-ը, իհարկե, մանկական խաղ կլինի։ Մարդկանց կյանքը իրանց համար ի՞նչ է, իրանց համար գերագույն նպատակը փողն է ու իշխանությունը։ Բա, մանկական պետք է  որակեն, բա ի՞նչ պետք է ասեն։ Մենք ուրիշ բան չենք էլ սպասել իրենից»։ 

Անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը՝ սպանվածի հայրը «տունտունիկ» գնահատեց դատական նիստերը՝ հավելելով, որ հույսը դատական համակարգում փոփոխություններն են, որպեսզի դատական գործընթացը առաջ գնա։ «Ինչ-որ մի տեղ հույսեր ունենք, որ փոփոխություններ կլինեն», - նշեց Խաչատրյանը։

Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի համար նույնպես անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը․ «Մարդասպանի համար, բնականաբար մարտի մեկը պետք է մանկական խաղ լիներ։ Դա մարդասպանին հատուկ հայտարարություն է։ Եթե իրենք ամոթ, նամուս, պատիվ  ունենայինմարտի մեկից չէին խոսի։ Ամոթ չունեն», - նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ նա պետք է պատասխան տար բանտում։

Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի համեմատությունը, տարակուսանք հայտնեց․ «Քոչարյանի համար տասը զոհը մանկական խա՞ղ է կամ առյուծ խփե՞լ։ Արյան ծարավ մարդը ամեն ինչ էլ հնարավոր է, որ ասի։ Դե թող դատարանում պատասխան տա, եթե մանկական խաղ է»։ 

Սարգիս Քլոյանը վերջերս նաև դատի էր տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին:

Սրա հետ կապված, Սարգիս Քլոյանն ասաց, որ չի էլ ճանաչում Շիրինյանին։ «Ես Քոչարյանի մասին եմ ասել, որ Քոչարյանը հոկտեմբերի 27-ով եկավ, մարտի 1-ով գնաց, իսկ Սայաթ Շիրինյանը ընկել է մեյդան։ Ես Շիրինյանին որևէ վիրավորական խոսք չեմ ասել, Քոչարյանին եմ ասել»։ 

Շիրինյանը, ըստ Քլոյանի զրպարտել և վիրավորել է իրեն, իբր Քլոյանը որևէ կերպ չի օգնել իր թոռներին, բայց ինքը ունի բոլոր կտրոնները, որոնք կհաստատեն, որ Քլոյանը քառասուն հազար ամերիկյան դոլար է ուղարկել թոռներին, բնակարան է գնել և ժառանգել իր գույքը վերջիններիս։ 

Վովա Հակոբյան