Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոտանի սահմանին ադրբեջանցիների ինժեներական աշխատանքները այսօրվանից դադարեցվել են․ Որոտանի համայնքապետ

Որոտանի սահմանին ադրբեջանցիների ինժեներական աշխատանքները այսօրվանից դադարեցվել են․ Որոտանի համայնքապետ
Հասարակություն
17:35, 05 март 2021
Արդեն մի քանի օր է, ինչ Սյունիքի մարզից ահազնագեր էին ստացվում, որ ադրբեջանցիները խրամատներ են փորում Որոտան համայնքի սահմանին, ինչը որոշակի անհանգստություն էր առաջացրել բնակչության շրջանում։

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ այսօրվանից ադրբեջանցիների կողմից իրականացվող աշխատանքները դադարեցվել են, և «ամեն բան լավ է»։

«Այս պահին նորմալ ա։ Խրամատները տեխնիկայով քանդել են մի քանի մետր։ Սետկա էին դրել, որ պատնեշ սարքեին։ Հիմա բոլորը էս մեր ահազանգից հետո, հա՛մ տեխնիկան են տարել, հա՛մ էլ ոչ մի բան չեն անում։ Էս պահին կանգնածա, ոչ մի բան չկա»,- նշեց Օհանջանյանը։

Գյուղապետը, սակայն, տեղյակ չէ, թե կոնկրետ ինչի արդյունքում են ադրբեջանցիների կողմից իրականացվող աշխատանքները դադարել․ «էն գիտեմ, որ տեխնիկան տարել են։ Հասկանում ենք, որ ինչ-որ բան կատարվել ա։ Գուցե ահազնագել են, ռուսներն են միջամտել կամ ձյունն ա պատճառը, չգիտեմ։ Բայց ոչ մի բան էս պահին չեն անում։ Վիճակը նորմալ ա»։

Օհանջանյանը նշեց, որ համայնքապետարանը այս խնդրով չի դիմել Ազգային անվտանգության ծառայություն․ «Մենք չենք դիմել ԱԱԾ։ Իրանք են տեսնում։ ԱԱԾ-ն մեր սահմանները հսկում ա, տեսնում ա, իրենք էլ իրենց վերադասին են զեկուցել»։

Փորձեցինք ԱԱԾ-ից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։

Նշենք, որ երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատություն ռադիոկայանին» տվյալ իրավիճակի մասին փոխանցել էին, որ անհանգստանալու առիթներ չկան, սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ:

Օհանջանյանի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից խրամատներ կառուցելու պատճառը, ենթադրաբար, ինքնապաշտպանություն է․ - «Խրամատը կառուցում են ինքնապաշտպանության համար։ Խրամատը կոչվում ա պաշտպանություն»։

Այնուամենայնիվ, այս իրավիճակը լարվածություն է առաջացնում գյուղի և մարզի բնակիչների շրջանում, և գյուղապետի խոսքով՝ բնակիչները չեն վախենում, բայց հոգեպես ազդված են։ 

Սյուզի Սիրականյան