Քաղաքացիակենտրոն
լրատվություն

12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել՝ իհարկե, ծնողների գրավոր համաձայնությամբ. Անահիտ Ավանեսյան

Երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 հազար 188 թեստավորում, գրանցվել է 41 մահ:

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը ներկայացնելիս տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Դպրոցներում արձակուրդների երկարացումը և բուհերի անցումը առցանց դասերին որոշակի դրական միտումներ են ցույց տալիս»,- նշեց նախարարը և հավելեց, որ նվազումը կարձանագրիվի հաջորդ շաբաթվա թվերի մեջ:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մահճակալային ֆոնդը այս պահին դարձյալ գերլարված է. «Մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի րոպե ազատ չեն մնում»:

Ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները՝ առողջապահության նախարարը նշեց. «Արդեն իրականացվել է 852 հազար 355 պատվաստում. 29.4 տոկոսը ստացել է առաջին դեղաչափ, 13 տոկոսը՝ երկրորդ դեղաչափ»: 

Նա տեղեկացրեց, որ «Մոդեռնա» պատվաստանյութ ստանալուց հետո իրենք փոփոխություն են կատարել իրենց հրամանի մեջ, և այժմ 12 տարեկանից բարձր երեխաները ևս հնարավորություն ունեն ստանալու պատվաստում. «Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, և արդեն 12 տարեկանից բարձր 50 երեխա պատվաստվել է»:

Նախարարի խոսքով՝ պատվաստումներն իրենց դրական արդյունքը տալիս են. «Այս պահին 3000 հոսպիտալացածներից միայն 97-ն է պատվաստված»: