Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարությունը հորդորում է «Տաշիր պիցցա»-ից օգտվողներին ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի

Նախարարությունը հորդորում է «Տաշիր պիցցա»-ից օգտվողներին ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի
Հասարակություն
20:29, 05 ноябрь 2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության:

«Սիրելի հայրենակիցներ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- այս մասին նախարարությունը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է: