Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մեր կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու. շուշեցի

Եթե մեր կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու. շուշեցի
Հասարակություն
13:13, 09 ноябрь 2021
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունելի չէ ժողովրդի համար։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց շուշեցի Աշոտ Հարությունյանը։

Նշենք, որ այս պահին Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց և անդրադառալ սոցիալական խնդիրների լուծման հարցին։

Աշոտ Հարությունյանը նշում է, որ եթե անգամ առաջնորդվեն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով, ապա այնտեղ նշված է փախստականների վերադարձ։

«Եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, ապա մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու։ Մեզ ոչ մի կարագավիճակ չեն տվել, ինչը գալիս է դեռևս 1988-ի սխալ քաղաքականությունից։ Ադրբեջանն իր 350 հազար փախստականներին աշխարհին ներկայացրեց որպես 1 մլն փախստական, որոնք Ադրբեջանի տարածքից դուրս չէին եկել, բայց իրենք աշխարհին համոզեցին՝ փախստական են»,-ասաց Աշոտ Հարությունյանը։

Շուշեցին նկատեց՝ պարտությունից հետո ինչպե՞ս կարող են վստահել այս մարդկանց, որ նորից իրենք տանեն այս «նավը»։ Աշոտ Հարությունյանի կարծիքով այս կառավարությունը 180 աստիճանով պետք է փոխվի և սկսի ներկայացնել ազգային շահերը։

«Պետք է հետևել թշնամի երկրի գործողություններին, որոնք արդյունքի են հասել։ Նրանք հիմնադրել են փախստականների ավաններ, միջազգային դիտորդներ են բերել։ Մենք էլ պետք է նույնը անենք։ Երբ ասում եմ Երևանի շուրջը փախստականների ավանի հիմնադրում, հենց այնպես չեմ ասում։ Դա մտածված, ծրագրային պետք է իրականացվի։ Եթե միջազգային հանրությանը չկարողանաս համոզել, որ ունես փախստականներ, ինչպե՞ս ես քո հարցերը լուծելու։ Ցանկացած միջազգային կառույցի, որ մոտենում և դիմում ենք հանձնում, ասում՝ ձեր կառավարությունը ձեզ ճանաչո՞ւմ է որպես փախստական։ Սա է կարևորը»,-ասաց Աշոտ Հարությունյանը։