Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայի անվտանգության երաշխիքը հայն է». ՀՀ ԶՈՒ-ն պետք է Արցախում ապրող քաղաքացիների կողքին լինի. բողոքի ակցիա՝ Արցախի նախագահի նստավայրի դիմաց

«Հայի անվտանգության երաշխիքը հայն է». ՀՀ ԶՈՒ-ն պետք է Արցախում ապրող քաղաքացիների կողքին լինի. բողոքի ակցիա՝  Արցախի նախագահի նստավայրի դիմաց
Հասարակություն
19:06, 09 ноябрь 2021
Այս պահին Ստեփանակերտի կենտրոնում՝ նախագահի նստավայրի դիմաց, բողոքի ակցիա է ընթանում. մասնակիցները Արցախի ժողովրդի անվտանգության հարցն են բարձրաձայնում: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, հերթական քաղաքացիական անձն է զոհվել Արցախում Ադրբեջանի զինծառայողի կրակոցից:

Civic.am-ին Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը տեղեկացրեց, որ վաղը Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են գալու հայտարարությամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու խնդրի վերաբերյալ:  
Իսկ այսօրվա բողոքի ակցիան նախաձեռնած Ստեփանակերտի բնակչուհին՝ Նարինե Գրիգորյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ դուրս չեն գալիս իրենց դժգոհությունն արտահայտելու, և այս պահի դրությամբ Արցախի նախագահի նստավայրի դիմաց իր նախաձեռնությանը միացել է իր ընկերուհին. «Պլակատ ենք պատրաստել, որի վրա գրված է՝ «Հայի անվտանգության երաշխիքը հայն է»:

Պետք է պետական մակարդակով լուծվի մեր անվտանգության հարցը: Ես հիմա նայում եմ՝ նախագահական շենքի դիմաց հարյուրավոր ոստիկաններ են կանգնած, որոնք ապահովում են նախագահի անվտանգությունը: Իսկ մեր պետական աշխատողներն այսօր գնում են Շուշիի շրջան, թուրքի զենքի տակ աշխատում են՝ առանց որևէ անվտանգության երաշխիքի: Մենք օրեր առաջ դեպք ունեցանք, երբ ռուս խաղաղապահի ներկայությամբ տրակտորիստին սպանեց Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարը, իսկ երեկ 22 տարեկան անզեն, 44-օրյա պատերազմի մասնակից երեխային ենք ուղարկել զինված թուրքերի դիմաց աշխատելու: Նա անզեն էր, դրա համար զոհվեց, իր փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը՝ ցանկացած մարդ, ով անցնում է այդ ճանապարհով՝ Երևանից Արցախ»:

Բողոքի ակցիան նախաձեռնած Նարինե Գրիգորյանն աշխատում է Արցախի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես կրթության մասնագետ: Ասաց, որ չի ընկճվում մենակ կազմակերպել բողոքի ակցիա, փոխարենը դեմ է լռելուն. «Չի կարելի ոչխարի պես լռել, սա արդեն երրորդ դեպքն է, որ պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողի կողմից  դիտավորյալ քաղաքացիական անձ է սպանվում: Մեր զորքը պետք է ներկա լինի ցանկացած շինարարական, ինժեներական աշխատանքների, նույնիսկ այգում աշխատելու ժամանակ մեր զինվորները պետք է ներկա լինեն, որ ռուսը չլռի»: 

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ տեղյակ է կազմակերպված բողոքի ակցիայից, սակայն առողջական խնդրի պատճառով չի կարող ներկա լինել: Նա, անդրադառնալով  Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերաբար Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելուն ու սպանելուն, ընդգծեց, որ իր համար դժվար չէ թաքնվել մի տեղ ու ադրբեջանցի սպանել, բայց դա ծանր հետևանքների կարող է բերել. «Երբ ասում են՝ պատասխան կրակ է պետք, պետք է ամեն ինչը հաշվի առնեն: Մենք մեր ընտանիքներով Արցախում ենք ապրում, այստեղ կան երեխաներ, եթե մի հոգու խփենք, իրենք էլ սկսելու են ավտոները կանգնեցնել ու երեխաներ գողանալ: Սա դեռ ամենամեղմ տարբերակն եմ ասում: Ես կարծում եմ՝ մեր պետական այրերը պետք է շատ կոշտ ձևով ռուս խաղաղապահներին ուլտիմատում ներկայացնեն, որ ստանձնելով զինադադարի ապահովման գործառույթը՝ պետք է դա անեն նորմալ կերպով: Կամ էլ ռուս խաղաղապահներն ասեն, որ չեն կարողանում, արցախցին էլ իմանա՝ ինչ քայլերի դիմի: Ռուս խաղաղապահներն այդ առաքելությունն իրենց վրա են վերցրել, ինչը պատշաճ չի իրականացվում: Սա խոսում է այն մասին, որ ռուս խաղաղապահները կամ չեն ուզում, կամ չեն կարողանում մեր անվտանգությունն ապահովել: Հանրությունը պետք է իմանա՝ ինչ անի. մենք ի՞նչ անենք, հանենք մեր երեխաներին ու կանանց, մենք էլ մինչև վերջ կռվե՞նք, ի՞նչ անենք»:   

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ թեպետ մեկ տարի է՝ ավարտվել է պատերազմը, բայց նկուղները, թաքստոցները չեն սարքվել, և եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն թնդանոթներ օգտագործի, բավականին մեծ թվով քաղաքացիական անձանց կորուստներ են ունենալու. «Իսկ ոմանք տաք տեղը նստած՝ ֆեյսբուքներում ասում են՝ դուք էլ համապատասխանաբար պատասխանեք, վրեժ լուծեք»: 

 Նարա Մարտիրոսյան