Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Հալաբյան փողոցում ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երևանի Հալաբյան փողոցում ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Հասարակություն
12:38, 07 март 2021
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 7-ին, ժամը 04:35-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։