Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նկարներով տեսանք, որ ամուսնուս գերի են վերցրել․ Նոյեմբերի 16-ին գերեվարված պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանի կինը դիմել է ԿԽՄԿ-ին

Նկարներով տեսանք, որ ամուսնուս գերի են վերցրել․ Նոյեմբերի 16-ին գերեվարված պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանի կինը դիմել է ԿԽՄԿ-ին
Հասարակություն
15:42, 19 ноябрь 2021
Շուրջ 4 տարվա ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարվել է։  Զինծառայողի կինը՝ Նաիրա Մանասյանը, Civic.am-ին պատմեց, որ ամուսինը նոյեմբերի սկզբին էր տեղափոխվել Սիսիան՝ Իշխանասարի հատված։ «Իրենց գերի են վերցրել նոյեմբերի 16-ին։ Գուրգեն Սարգսյանը, որ տրաքցրել էր իրեն՝ էդ տղուն էլ գիտեմ, իրենց վաշտից էր։ Իրենք առաջին դիրքերում էին։ Նոյեմբերի 18-ին ամուսինս արդեն պետք է հետ գար տուն»,-նշեց կինը։ 

Արտյոմ Մանասյանը երկու երեխա ունի, մեկն անչափահաս է։ Կինն ասաց, որ ամուսնու գերի ընկնելու փաստն իմացել են նկարներից. մեծ աղջիկը Ֆեյսբուքում տեսել է ադրբեջանցիների տարածած հայ ռազմագերիների նկարները և ճանաչել է հորը. «Ինձ էլ ցույց տվեց նկարները։ Նկարներից մեկում ադրբեջանցիները հայ գերիների աչքերը կապել ու տանում էին մեքենայով։ Երեկ դիմել ենք Կարմիր խաչին։ Այսօր Միջազգային կարմիր խաչի կոմիտեից զանգեցին ասացին, որ ամուսնուս տվյալներն արդեն ուղարկել են Ադրբեջան»։

Կնոջ խոսքով՝ տան միակ աշխատողն ամուսինն էր, իսկ ինքն անաշխատունակ է՝ առողջական խնդիրների պատճառով։

Միջազգային կարմիր խաչի կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԽՄԿ-ի Հայաստանի և Ադրբեջանի գրասենյակները մեկ կառույց են, և իրենք, անկախ իրավիճակներից, աշխատում են բավական կոորդինացված. «Մենք կապի մեջ ենք և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների, և այն ընտանիքների հետ, որոնք մեզ մոտենում են այս պահի դրությամբ։ Երբ ենթադրյալ գերեվարված անձի տվյալներն ուղարկում ենք Ադրբեջան՝ մենք պետք է այնտեղից ստանանք պաշտոնական հաստատում, որ այդ անձն իրենց մոտ է, որից հետո կարող ենք դիմել անհապաղ իրեն տեսակցելու, որպեսզի կարողանանք կանխել այդ մարդու հետագա անհետացումը»։ 

Զառա Ամատունու խոսքով՝ իրենք ենթադրյալ գերեվարված անձի վերաբերյալ հարցում են ուղարկում ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակ, և  այնտեղի պատվիրակությունը իշխանությունների հետ երկխոսության միջոցով փորձում է պարզաբանել տվյալ մարդու ճակատագիրը. «Եթե պաշտոնապես չհաստատվի, որ տվյալ անձը գտնվում է Ադրբեջանում, մենք չենք կարող տեսակցել այդ մարդու հետ։ Բայց այնպես չէ, որ մեկ անգամ հարցում ուղարկելուց և չհաստատվելուց հետո այլևս չենք զբաղվում, մենք շարունակաբար դիմում ենք, որովհետև կարող են հանգամանքներ պարզվել։ Հետևողական ենք այն դեպքերին, որոնք միանգամից չեն հաստատվում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։  Գնդակոծության ձայները ժամը 13։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածում պարզ լսելի են եղել Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սիսիան քաղաքում, Իշխանասար, Նորաշեն բնակավայրերում։  

Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության՝ այս պահի տվյալներով, հայկական կողմն ունի 6 զոհ, կան նաև անհետ կորած զինծառայողներ։ ՀՀ ՊՆ-ն հաստատել է նաև նոյեմբերի 16-ին 13 հայ զինծառայողի գերեվարման փաստը։

Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք նոյեմբերի 16-ին ունեցել են 7 զոհ և 10 վիրավոր։  

Նարա Մարտիրոսյան