Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամուսնության նպատակով» 13-ամյա աղջկան առևանգած անձը հայտնաբերվել է․ ոստիկանություն

Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։

Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։
Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: