Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանո Սիրադեղյանի աճյունը առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Վանո Սիրադեղյանի աճյունը առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
22:41, 23 ноябрь 2021
ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան.այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Վանո Սիրադեղյանի հետ կապված հարցին:

Նա նշեց, որ ձևավորվել է կառավարական հանձնաժողով, և իր կարծիքով կառավարական հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:

«Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել: Երբևէ որևէ պարագայում փորձում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները. մաքսիմալ օբյեկտիվ լինել:

Կարծում եմ, որ հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունը հայտնել և ցավում եմ շատ, որ այդպիսի ավարտ ունեցավ»,- եզրափակեց Փաշինյանը: