Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Բրիջիդա Սիմոնյան

Աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Բրիջիդա Սիմոնյան
Հասարակություն
16:28, 25 ноябрь 2021
Արդյոք կարելի՞ է  աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդկանց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից Civic.am-ին մանրամասներ ներկայացրեց իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը։ 

«Բոլոր քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ աուտոիմուն հիվանդությունների դեպքում, եթե ռեմիսիայի շրջան է, հիվանդության սրացում չկա, կարելի է պատվաստվել»,- նշեց նա։

Հարցին, թե այժմ օգտագործվող պատվաստանյութերից որո՞նք են ավելի խրախուսվում աուտոիմուն հիվանդներին, բժիշկը նշեց, որ բոլոր պատվաստանյութերը նույն խնդիրն են լուծում։

«Չկա նման մոտեցում, որ կոնկրետ այս պատվաստանյութը կամ այն պատվաստանյութն է նախընտրելի այդ դեպքում, քանի որ, ի վերջո, բոլոր պատվաստանյութերը, օրգանիզմ մտնելով, մեկ բան են հուշում, որ սա վիրուսի մասնիկ է, սպանված վիրուսն է, այսինքն՝ այսպես թե այնպես օրգանիզմը նրան ճանաչում է մեկ ձևով, կապ չունի արտադրման տեսակը»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով տարբեր պատվաստանյութեր կարող են ցուցաբերել  կողմնակի  տարբեր երևույթներ, սակայն բոլորի ազդեցությունը մեկն է։ 

Մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն պացիենտները, ովքեր իրենց բուժող բժիշկների կողմից կամ հստակ պատասխան չեն ստանում՝ պե՞տք է պատվաստվել, թե՞ ոչ, կամ ընդհանրապես խորհուրդ են ստանում չպատվաստվել, տիկին Սիմոնյանը նշեց.  «Իհարկե, սխալ մոտեցում է։ Երբ  բժիշկն ինքն այդքան տեղեկացված չէ պատվաստումային գործընթացներից՝ որպես նեղ մասնագետ, ճիշտ կլինի նա ընդամենը հիվանդության ախտորոշումը գրի, իսկ մնացածը կորոշի տեղամասային կատարող բժիշկը»։

Բժշկի խոսքով՝ աուտոիմուն հիվանդությունների և մնացած բոլոր քրոնիկ հիվանդությունների դեպքում, երբ անձը ստանում է որոշակի դեղորայք՝ պահպանողական թերապիա, ապա այդ թերապիայի ներքո նա պետք է ստանա պատվաստումը. «Հիվանդը ոչ պիտի դադարեցնի թերապիան, ոչ պիտի ինքնուրույն դեղաչափ ավելացնի։ Առանց բժշկի խորհրդատվության որևէ միջամտություն չի կարելի անել։ Ուղղակի հենց այդ պահպանողական թերապիայի ներքո պետք է պատվաստվի»։

Նշենք, որ աուտոիմուն հիվանդությունները  երկարատև և հյուծող  հիվանդություններ են: Կան աուտոիմուն հիվանդությունների տարբեր տեսակներ։ Դրանք լիարժեքորեն չեն բուժվում, սակայն կան դեղորայքային բուժումներ, որոնք կարող են մեղմացնել հիվանդությունների նշանները և օրգանիզմի հետագա ախտահարումը։
Մինչ օրս նկարագրվել են ավելի քան 80 տարբեր աուտոիմուն հիվանդություններ։ Դրանց մեծ մասն ունի պարբերաբար սրացումներով քրոնիկ երկարատև ընթացք։ Այս հիվանդություններից ավելի տարածված են՝ ցելիակա, ռևմատոիդ արթրիտ, ցրված (բազմակի) սկլերոզ և 1-ին տիպի դիաբետ հիվանդությունները:

Սյուզի Սիրականյան