Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Զոհրաբյանը, դառնալով Փաստաբանական դպրոցի տնօրեն, էլի նույն կուսակցական ակտիվ գործունեությունն է առաջ տանում՝ դրանով իսկ հեղինակազրկելով ու վարկաբեկելով փաստաբանության ինստիտուտը. Լուսինե Հակոբյան

Արա Զոհրաբյանը, դառնալով Փաստաբանական դպրոցի տնօրեն, էլի  նույն կուսակցական ակտիվ գործունեությունն է առաջ տանում՝ դրանով իսկ հեղինակազրկելով ու վարկաբեկելով փաստաբանության ինստիտուտը. Լուսինե Հակոբյան
Հասարակություն
14:22, 26 ноябрь 2021
Արդեն մի քանի օր է՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ մի խումբ մարդիկ, իրենց հռչակելով «ազատագրական շարժման» անդամներ, փորձում են քաղաքի փողոցները փակել, կաթվածահար անել Մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք հայտարարում են, որ սա վերկուսակցական շարժում է։

Արա Զոհրաբյանի մասնակցությամբ ակցիաների մասին Civic.am-ը զրուցել է փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։

Նա նշեց, որ սա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության գործունեության շարունակությունն է, և այստեղ խնդիր կա, և խնդիրն այն է, որ այդ մարդը հիմա էլ գնացել զբաղեցրել է Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ըստ էության շարունակում է ակտիվ կուսակցական գործունեություն, բայց որպեսզի անունը չդնի կուսակցական գործունեություն, անունը դնում է քաղաքացիական ակցիաներ, իսկ  թե ինչ խնդիր է դրված այդ, այսպես ասած, շարժման առաջ՝ մնում է լրիվ անհասկանալի։ 

«Եթե դա ինչ-որ ազատագրական շարժում է, ապա պատմությունից մեզ հայտնի ազատագրական շարժումները ոչ մի կերպ չեն տեղավորվում այն տրամաբանության մեջ, որ ռուպրը պետք է վերցնես, գնաս այստեղից այնտեղ, այս փողոցից այն փողոց, ինչ-որ լոզունգներ գոռգոռաս ու չգիտես ինչ ասես մարդկանց, ընդամենը ասես, որ ազատագրական շարժում է, հայրենիքը վտանգի մեջ է, բայց թե ինչ պետք է անել՝ ոչ մի ծրագիր, գործողությունների ոչ մի պլան չկա։ Ընդամենը աննպատակ ակցիաներ են»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանի կարծիքով՝ Արա Զոհրաբյանը զբաղված է քաղաքական գործունեությամբ, դրանք քաղաքացիական ակցիաներ չեն, և նպատակը   ինչ-որ քաղաքական նպատակներով համախոհներ հավաքելն է, բայց մարդիկ հասունացել են, և այդ հնարքներով այդ կուսակցությունը ոչ մի բանի չի հասնելու, որովհետև մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են։

«Այստեղ խնդիրն այն է, որ փաստաբանությունը, որն անկախ կառույց է, Փաստաբանական դպրոցը, որն անկախ կառույցի համար փաստաբաններ պետք է պատրաստի, գտնվում է այս կուսակցական ֆիգուրի տնօրինության ներքո, և այստեղ մենք լրջորեն պետք է մտածենք փաստաբանական ռեֆորմի և փաստաբանության անկախության ամրապնդման մասին, որովհետև հասկանալի է, որ մարդը այդ փաստաբանական դպրոցն իր ազդեցության տակ պահելով՝ իր կուսակցական քարոզչությունն է այդտեղ իրականացնելու և այդ կուսակցական նպատակներն է փորձելու առաջ տանել։ Մենք գործ ունենք անելու, հստակորեն սահմանելու, որ Փաստաբանական դպրոցը, որպես կրթական կառույց, պետք է ապաքաղաքական լինի, և կուսակցականացված տնօրեններ կամ ղեկավար կազմ չպետք է ունենանք»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Փաստաբանության օրենքի բարեփոխման գործընթաց է ընթանում, և իրենք առաջարկություններ կանեն այդ մասով։ Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ որոշակի բարեփոխման առաջարկներ շրջանառվել են արդարադատության նախարարության կողմից, իրենք ևս առաջարկություններ կանեն, կքննարկեն, կհասկանան։

«Համենայնդեպս, այս իրավիճակը չի կարող շարունակվել։ Այս մարդը Փաստաբանների պալատի նախագահն էր, վերցրեց հայտարարեց, որ ինքը այդ կուսակցությունը ստեղծեց, մտավ ընտրությունների մեջ, քանի որ գիտեր, որ իր ժամկետն ավարտվում է, և դրա համար արեց, չնայած հասկանալի էր բոլորին, որ մնում էր նախագահ և միևնույն ժամանակ ուղղակի կուսակցության առաջնորդ, որպեսզի այդ ինստիտուտի նկատմամբ իր ազդեցության լծակները չկորցնի։ Բայց հիմա ավելի վատ բան է տեղի ունեցել՝ գնացել դարձել է Փաստաբանական դպրոցի տնօրեն ու էլի այդ նույն կուսակցական ակտիվ գործունեությունն է առաջ տանում՝ դրանով իսկ հեղինակազրկելով ու վարկաբեկելով փաստաբանության ինստիտուտը»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք նաև, որ երբ տարիներ շարունակ դատարաններում բազմաթիվ փաստաբանների իրավունքներ էին խախտվում՝ ընդհուպ դատարան մուտք գործելիս, Արա Զոհրաբյանը ակտիվություն չէր ցուցաբերում, որպես Պալատի նախագահ, գործընկերներին պաշտպանելու հարցում, սակայն նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցում էր մեծ ակտիվությամբ։ Եվ հիմա նա փորձում է հանդես գալ հայրենիքի «փրկչի» դերում։ 

Լիլիթ Թադևոսյան