Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ վերապատվաստման համար սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ վերապատվաստման համար սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:21, 29 ноябрь 2021
«Վերապատվաստման համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ։ Այսինքն՝ քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է ստանալ խթանիչ դեղաչափը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ նախարարի հրամանով արդեն սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել վերապատվաստման փուլում, և հավելեց, որ արդեն կան քաղաքացիներ, որ ստանում են երրորդ՝ խթանիչ դեղաչափը։
«Մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ պատվաստումներն անվտանգ են և արդյունավետ։ 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիներ են բողոքել առողջական խնդիրներից, դրանցից 40-ի դեպքում եղել են կորոնավիրուսի հիվանդացություն, այսինքն՝ քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է, և պատվաստվել է։ Այս պարագայում որևէ հակացուցում չկա։ Մի շարք այլ դեպքերում գրանցվել են ալերգիկ ռեակցիաներ և սիմպտոմատիկ բողոքներ, որոնք մանրակրկիտ ձևով քննվել են և բժշկական օգնություն են տրամադրվել անհրաժեշտության դեպքում»,- նշեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր 23 քաղաքացիներ՝ միջին տարիքը 70-ից բարձր, եղել են պատվաստված, սակայն վարակվել են կորոնավիրուսով, հիվանդությունը ծանր են տարել և, ցավոք, մահացել են. «Նրանք բոլորն ունեցել են երկրորդային հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, չարորակ հիվանդություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ»։