Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդիատեռորը՝ քաղաքական պայքարի մաս․ ով և ինչպես պետք է պաշտպանի տավուշցիներին ու սյունեցիներին կեղծ ու ահաբեկող տեղեկատվությունից

Մեդիատեռորը՝ քաղաքական պայքարի մաս․ ով և ինչպես պետք է պաշտպանի տավուշցիներին ու սյունեցիներին կեղծ ու ահաբեկող տեղեկատվությունից
Հասարակություն
15:58, 09 март 2021
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը՝, թե «ադրբեջանցի խաղաղապահ զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում և արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ քաղաքավարի ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ», կայծակնային արագությամբ տարածվեց մի շարք լրատվամիջոցներով։ 

Կարճ ժամանակ անց Տավուշի մարզպետարանը պաշտոնապես հերքեց նախկին վարչապետի գրառումը՝ հերթական անգամ ընդգծելով, որ  հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում․ «Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»,-գրառվել էր մարզպետարանի Ֆեյբուքյան էջում:

Այս թեմայի վերաբերյալ հերքում տարածեց նաև Պաշտպանության նախարարությունը. «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»: 

Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ թեպետ, ըստ News.am-ի, ասել էր, թե ոչ թե ադրբեջանցիներ, այլ ռուս զիվորականներ են եկել համայնք, և ինքն այդ տեղեկատվությունը ստացել է զինվորականներից, Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրեն ոչ թե զինվորականներն են հայտնել, որ ռուս զինծառայողներ կան համայնքում, այլ բնակչության մեջ էր տարածվել այդ տեղեկատվությունը։ 

Նշենք, որ բացի վերոնշյալ կեղծ տեղեկատվությունից տարածվել էր նաև հերթական ինֆորմացիան՝ իբր թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը»։  Այս տեղեկատվությունը ևս հերքվեց․ 
«Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել»,-գրառվել էր Սյունիքի մարզպետարանի Ֆեյբուքյան էջում։ 

Հատկանշական է, որ նման «լուրերը» հանրությանը հրամցվում են հատկապես հանգստյան՝ պետական կառույցների համար ոչ աշխատանքային օրերին, որոնց հերքումը տարածելու համար հնարավոր է և տևական ժամանակ պահանջվել։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի տեսանկյունից՝ այսօր քաղաքական պայքարի մի մաս է դարձել այդ կարգի տեղեկատվության տարածումը, և այն նպատակ է հետապնդում հասարակությունում խուճապ առաջացնելու և գործող իշխանության նկատմամբ վստահությունը նվազեցնելու։ Եվ այս իրավիճակը հաղթահարելու համար պետությունը պետք է հետևողական լինի՝ պատշաճ և ժամանակին հերքում տարածելով։  

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝  նման պարագայում սահմանափակումները լավագույն լուծում չեն կարող լինել։ Նրա խոսքով՝ երբեմն լինում են այնպիսի տեղեկություններ, որոնք ճշտված չեն, բայց հետագայում ապացուցվում է, որ համապատասխանում են իրականությանը․ «Երբ լրատվամիջոցները ստանում են չճշգրտված տեղեկություններ, պետք է փորձեն գնալ դրա հետևից, և հնարավորինս օպերատիվորեն պարզեն, թե ինչ է տեղի ունեցել իրականության մեջ»։ 

Երկրորդ ճանապարհը, ըստ փորձագետի՝ լսարանի հետ աշխատանքն է․ «Եվ մենք որոշ փորձագետների և լրագրողների հետ փորձում ենք այդ կարգի մեխանիզմներ ձևավորել, որպեսզի լինի օնլայն պլատֆորմ, որտեղ քաղաքացիները, որոնք ակտիվ սպառող են տեղեկությունների՝ կարողանան հավաստիանալ՝ արդյո՞ք տվյալ տեղեկատվության աղբյուրը արժանի է վստահության, թե ոչ, որքանո՞վ է իր գործունեության մեջ թափանցիկ, որքանո՞վ է այդ լրատվամիջոցը հետևում պրոֆեսիոնալ նորմերին»։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանն էլ ընդգծեց, որ լրատվական կայքերը, որոնք անընդհատ գոյություն ունեն՝ կարգավորելի չեն, և դրանք պետք է ինքնակարգավորման տիրույթ մտցվեն․ «Երբ մամուլը դադարում է կատարել իր գործառույթները՝ օբյեկտիվ, հավասարակշռված և իրական հանրօգուտ կոնտեքստ տրամադրել հանրությանը՝ պետությունը ստիպված է լինում կոշտ միջոցներով միջամտել, բայց քանի որ մենք հավատում ենք, որ հաղթահարելի փուլ է և խոսքի ազատությունը անիմաստ վտանգելու կարիք չկա, դեռևս նախաձեռնողականություն չենք ցուցաբերում։ Սակայն հաշվի առնելով, որ դա որոշակի անվտանգային խնդիրներ է ստեղծում, նման միջամտությունները հնարավոր են»,-մեզ հետ զրույցում նշեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամը։ 

Թևոսյանն անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքին՝ շեշետեց, որ պետությունը միջամտություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե խախտվում է որևէ իրավունք, որը կապ ունի քրեական օրենսգրքի կամ վարչական օրենսգրքի հետ, իսկ այն ինչը, որ վերաբերում է ներքին էթիկական հարաբերություններին՝ դա քաղաքացիների և  հեռարձակողների միջև հարաբերությունների տիրույթում է գտնվում։

Նա ընդգծեց, որ հունվարի 1-ից գործող նոր օրենքով՝ յուրաքանչյուր հեռարձակող, որը հանրային մուլտիպլեքսում գործում է՝ ունի իր էթիկայի մարմինը և էթիկայի կոդեքս։ Եվ քաղաքացիներին տրված է հնարավորություն՝ ինքնուրույն  միջամտություն ունենալ հեռուստաալիքների բովանդակությանը․ «Սահմանվել է ինքնակարգավորման համակարգ, որը ենթադրում է, որ սլոթերի մրցույթներին մասնակցող հեռարձակողները պետք է իրենց հետ տանեն նաև որոշակի էթիկական կոդեքս։ Էթիկական կոդեքսը կարգավորելի է միայն այն պարագայում, եթե քաղաքացիները իրենք նկատելով որևէ էթիկայի խախտում դիմում են տվյալ հեռուստաալիքի էթիկայի մարմնին։

Եթե որևէ մեկը չի դիմում էթիկայի մարմին և չի ասում, որ էթիկա է խախտվել, ընդ որում այն քաղաքացիները, որոնց հասցեին վիրավորանքներ են հնչում և որոնք իրենց արժանապատվությունը ստորադասված են համարում՝ նշանակում է այդ քաղաքացիները համաձայն են այդ նորմերի հետ, որոնք գոյություն ունեն հեռարձակողների եթերում»։ 

Նարա Մարտիրոսյան