Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք կարող զինծառայողի արտահերթ հետազոտություն անցկացնել, եթե դրա կարիքը չկա. Դրանք պետք է իրագործվեն ըստ բժշկական ցուցումների. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությունը, հիմք ընդունելով նաև ՄԻՊ 2019 թվականի տարեկան զեկույցը և այն, որ առողջապահության ոլորտում կատարվող բարեփոխումները միանշանակ որպես կարևորագույն մաս դիտարկել են զինծառայողների բուժօգնության լավարկումները, իրականացրել է մի շարք փոփոխություններ. «Այդ կարգավորումն արդեն իսկ իրացնում է նրանց առաջնահերթ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չսահմանափակված բյուջեի և չհերթագրման սկզբունքով»:

Նախարարի խոսքով՝ հնարավոր չէ հաշվի չառնել, որ հետազոտությունները, բժշկական միջամտությունները իրագործվում են ըստ բժշկական ցուցումների. «Մենք չենք կարող արտահերթ հետազոտություն անցկացնել, եթե դրա կարիքը չկա, և, օրինակ, քաղցկեղով հիվանդի հետազոտությունը, որից կախված է նրա դեղորայքային բուժումը, իրականացնել որոշ ժամանակ անց»:

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ վերջին տարիներին պետպատվերի ծառայությունները մասնավոր շատ ընկերությունների համար դարձել են գրավիչ, որովհետև գնային քաղաքականությունը ելնում է շուկայական գներից:

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ առողջապահության նախարարն առաջարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: