Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք կարող ասել՝ եթե դու ուսադիր ես կրում, պարտադիր պետք է առաջնահերթ հետազոտվես. Բժիշկը պետք է որոշի. Վիլեն Գաբրիելյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը ներկայացնող Թագուհի Թովմասյանը առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ընդգծեց, որ ինքը բովանդակային դրական փոփոխություն անելու հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, սակայն առաջարկված փոփոխություններում խնդիրներ է տեսնում. «Նախևառաջ մենք խախտում ենք հավասարության սկզբունքը և ունենում ենք իրավունքների բախում: Այո, երբ կա հղի կին, և կա զինծառայող, հղի կինը պետք է առաջ անցնի: Բժիշկը պետք է որոշի տվյալ հիվանդի հետազոտության առաջնահերթությունը:
Մենք չենք կարող օրենք սահմանել, որ եթե դու ուսադիր ես կրում, պարտադիր պետք է անցնես առաջ: Մենք դրանով ըստ երևույթին սահմանափակում ենք նաև բժշկի մասնագիտական գործունեությունը»:

Պատգամավորը հավելեց, որ ժամկետների առումով ինքը համաձայն է. «Մենք այդ խնդիրը կարող ենք միասին դիտարկել»: