Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողը հավասար պայմաններում պետք է ստանա առաջնահերթություն. Բուժհետազոտության հրատապությունը, սակայն, պետք է որոշի բժիշկը. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը համաձայնեց Արթուր Ղազինյանի հետ, և նշեց, որ ինքն էլ չի կարծում, թե հավասարություն կա զինծառայողի և քաղաքացիական անձի միջև՝ թե կարգավիճակի առումով, թե կատարած աշխատանքի կարևորության և վտանգավորության առումով. «Բայց բուժհաստատություններում հետազոտությունների առումով կա մեկ այլ անհավասարության ցուցիչ. դա պոտենցիալ հետազոտվողի առողջական վիճակն է ու հետազոտության անհրաժեշտության աստիճանը: Այսինքն՝ բացի տվյալ մարդու կարգավիճակից, պետք է մեզ հետաքրքրի նաև այդ մարդու հետազոտության հրատապության հարցը»:

Նա ընդգծեց, որ հավասար պայմաններում ինքը կողմ է, որ զինծառայողը ստանա առաջնահերթություն. «Միանշանակ երկու ձեռքով կողմ եմ: Բայց ես պարոն Գաբրիելյանի հետ համաձայն եմ, որ բժիշկը պետք է որոշի, թե ում հետազոտվելն է ավելի առաջնահերթ: Եկեք գնանք այն կանխավարկածով, որ մեր բժիշկները ադեկվատ են և հավատարիմ են Հիպոկրատի երդմանը»: