Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուզան Խաչատրյանի գրառման մասին

«Հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուզան Խաչատրյանի գրառման մասին
Հասարակություն
11:35, 02 декабрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, իր հասցեին արված գրառմանը․

«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայտարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում: Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու: Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանի կնոջ ցասման իրական պատճառն այն է, որ դատախազությունը քննություն է սկսել վերջիններիս ունեցած ապօրինի գույքի բռնագրավման մասով։