Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի․ ՀՀ փոխվարչապետ

Այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի․ ՀՀ փոխվարչապետ
Հասարակություն
11:33, 07 декабрь 2021
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի:

Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար:

Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի»: