Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնումների ոլորտը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենակոռուպցիոն զգայուն ոլորտն է համարվում․ Վարուժան Հոկտանյան

«Դեռևս հունվարին հրապարակվեց կոռուպցիայի ընկալման հերթական համաթիվը, որը գրանցել էր զգալի առաջընթաց՝ նախորդ տարվա համեմատ 7 միավորով, իսկ դրանից առաջ՝ 2018 թվականի նկատմամբ, 14 միավորով առաջընթաց էր գրանցել, ինչն իհարկե ազդարարում և նշանավորում էր Հայաստանի հեղափոխական իշխանությունների ստանձնած պայքարը կոռուպցիայի դեմ և որոշակի արդյունքներ, որոնք որ գրանցել էին այն ինստիտուցիանոլ բարեփոխումները, որոնք որ սկսվել են  և այն պատրաստակամությունը, որով  իշխանությունները ստանձնել են կոռուպցիայի դեմ պայքարում»,- «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նա նշեց, որ ներկայումս ընթանում են բազմաթիվ բարեփոխումներ և հակակառուպցիոն, ինստիտուցիոնալ ճարտարապետությունն արդեն հստակ է, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեև  ոչ լիարժեք, բայց իր բոլոր իրավասություններով այնուամենայնիվ գործում է, իրավապահ հիմնական մարմին հակակառուպցիոն կոմիտեն դեռ ձևավորման պրոցեսում է, հակակոռուպցիոն դատարանները դեռևս ակնկալում են, որ պետք է սկսեն ձևավորվել և սկսել աշխատանքը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի հետ կապված որոշակի գործընթացներ ընթանում են։

Այնուհետև, Սոնա Այվազյանը նշեց, թե որ ոլորտներում են նկատվում հիմնական խնդիրները, դա գնումների, քաղաքաշինության ոլորտներն են և ընտրությունները։ 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսելով գնումների ոլորտի խնդիրների մասին, ասաց, որ դա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենակոռուպցոին զգայուն ոլորտն է համարվում։
«Եվ պետական գնումների, հանրային գնումների հիմնական սկզբունքը դա հատուցման դիմաց արժեք սկզբունքն է, այսինքն, երբ որ գումար է  վճարվում պետք է ստեղծվի արժեք, եթե արժեք չի ստեղծվում, ապա կան լուրջ կասկածներ, որ այդ արժեքի չստեղծվելը նաև կոռուպցիայի հետևանք կարող է լինել»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։    
            
Նա նշեց, որ այստեղ կան նաև օրենսդրական մի քանի տիպի խնդիրներ։ Խոսելով նաև մեկ անձից գնումների մասին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ սա շատ չարչրկված թեմա է և այստեղ պետք է շատ զգույշ լինել, որովհետև շատ հաճախ մեկ անձը պայմանավորված է լինում մոնոպոլ դիրքով կամ կարող է հատուկ բացառիկ իրավունքներ կամ հեղինակային իրավունքներ ունենալ։

«Եվ այստեղ խնդիրը հենց նրանումն է, որ Կառավարության 526 որոշման մեջ մի մեծ ցանկ է սահմանված, որոնք կարող են մեկ անձից գնումներ արվել հենց այդ հիմքով։ Մենք մատնաշում ենք, որ դրանով արհեստականորեն չի թույլատրվում, որպեսզի այդ մոնոպոլիային, հեղինակային իրավունքին ինչ-որ ձևի մարտահրավեր նետվի»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։