Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վերջին 2 ամսում ադրբեջանցիների կողմից սպանված 3 քաղաքացիների գործերով ձերբակալվածներ չկան՝ չնայած խաղաղապահների խոստացած հետաքննությանը․ ադրբեջանցիները հենց նրանց շրջանցելով են մտել Արցախ

Արցախում վերջին 2 ամսում ադրբեջանցիների կողմից սպանված 3 քաղաքացիների գործերով ձերբակալվածներ չկան՝ չնայած խաղաղապահների խոստացած հետաքննությանը․ ադրբեջանցիները հենց նրանց շրջանցելով են մտել Արցախ
Հասարակություն
13:51, 08 декабрь 2021
Վերջին երկու ամսում Ադրբեջանի զինծառայողների դիտավորյալ կրակոցներից Արցախում զոհվել է 3 քաղաքացիական անձ։ 

Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը Civic.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ երեք դեպքերից միայն վերջին դեպքով է Ադրբեջանը քրեական գործ հարուցել։

Դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինվորականներ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի «Ղուրուսու» կոչվող տեղամասից առևանգել էին անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանին, որն այդ համայնքի բնակիչ էր։ Այնուհետև բնակչին տեղափոխել էին իրենց մարտական դիրք ու հրազենից արձակած կրակոցով դիտավորությամբ սպանել նրան: Եվ թեպետ Սեյրան Սարգսյանի մարմինը վերադարձրել են հայկական կողմին և հայտնի է, թե Ադրբեջանի ԶՈւ ծառայողներից ով է եղել սպանողը, այնուամենայնիվ Կիմ Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունն իր զինծառայողին չի ձերբակալի և պատասխանատվության չի ենթարկի՝ հային սպանելու համար․ «Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել դեպքի հետ կապված, բայց դրանք ուղղակի գործընթացներ են, որոնք անում է ադրբեջանական կողմը՝ ելնելով նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում միջադեպերին խաղաղ ելք տալու համար»։  

Նշենք նաև, որ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի զինծառայողներից մեկը, ներխուժելով հայկական տարածք՝ Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, կրակել էր Արցախի «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցների վրա, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը մահացել էր, իսկ 3 աշխատակից ստացել էին հրազենային վիրավորումներ:

Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանն ընդգծեց, որ այդ դեպքը տեղի էր ունեցել երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ եկել էին Շուշի՝ մասնակցելու միջոցառման․ «Մեր տվյալներով Արցախի «Ջրմուղ կոյուղու» աշխատակցին սպանողը եղել է Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար անձանց թիկնազորից»,-հավելեց նա։    

Կիմ Գաբրիելյանի խոսքով՝ «Ջրմուղ կոյուղու» այն երեք աշխատակիցները , որոնք վիրավորվել էին՝ արդեն լավ են։ 

Հարցին՝ արդյո՞ք բացահայտվել է, թե Ալիևի թիկնազորի անդամն ինչպես է հասել հայկական տարածք՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այնտեղ սահմանագիծ չկա, կետեր են դրված, շրջանցել է ռուսական խաղաղապահների կետն ու հասել այդտեղ, եղել է առանց ավտոմեքենայի։ Երբ տեսել է «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցներին՝ ասել է այստեղից գնացեք, տղաներն էլ ասել են, որ իրենց ուղարկել են աշխատելու՝ ջրագիծ վերանորոգելու, կհեռանան։ Սակայն նա չի սպասել, հանել է ատրճանակն ու դիմահար կրակել «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցների վրա՝ փոսի մեջ աշխատողը մահացել է»։  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին էլ Ադրբեջանի զինծառայողի դիպուկահարի կրակոցից Արցախի Մարտակերտի շրջանի նռան այգում մահացել էր գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի վարորդ 55-ամյա Արամ Տեփնանցը։ 

Այս քաղաքացիական անձանց սպանության դեպքերով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտարարություն էր տարածել, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ իրականացնում է միջադեպի հետաքննություն։ Թե ինչ է պարզվել հետաքննությամբ՝ Կիմ Գաբրելյանն արձագանքեց․ «Մենք խաղաղապահների հետ համագործակցում ենք, իրենք ընդառաջում են մեզ։
Խաղաղապահները միջնորդական առաքելություն են իրականացնում, իսկ քննչական բոլոր գործողություններն իրականացնում են մեր իրավապահ մարմինները։ Խաղաղապահները չեն կարող գործը քննել, նրանք միջնորդ են հանդիսանում ու նպաստում են այդ գործընթացին։ Մեր գլխավոր դատախազը իրենց հետ շփումների մեջ է, դիմում է իրենց, նրանք էլ ինչ հնարավոր է անում են»։ 

Նարա Մարտիրոսյան