Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառուցապատման և պլանավորման մեր օրենսդրությունը, կարելի է ասել՝ խրախուսում է կոռուպցիան․ ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ․ Տեսանյութ

«Խնդիրը կայանում է  նրանում, որ մեր օրենսդրությունը՝ կառուցապատման, տարածական զարգացման պլանավորման և այլն գտնվում է բավականին խայտառակ վիճակում և այդ վիճակը, նոր չի․ Խորհրդային միության փլուզումից հետո տնտեսության վերափոխումների և քաղաքաշինական վայրիվերումների պրոցեսում այդ խնդիրն առաջացել է»,- «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ 

Նա նշեց, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե որքանով է գործող օրենսդրությունը կաշկանդում կամ փակում այն սողանքները, որոնք հնարավորություն կտան լայն հայեցողության կիրառման պայմաններում առաջացնել կոռուպցիոն ռիսկեր կամ կոռուպցիա։

Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի օրվա ընթացքում ՊՎԾ-ն ևս սկսել է  դիտարկել այդ ոլորտը և ուսումնասիրել է հատկապես Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակը։ 

«Այդ օրենսդրությունը, կարելի է ասել՝ խրախուսում է կոռուպցիան, ինչի համար, որովհետև  լայն հայեցողություն է  դրսևորում պետական մարմնիններին, մի պարագայում՝ քաղաքացու իրավունքների չարաշահման հետ կապված, մյուս պարագայում՝ բիզնեսի կառավարելիությունը դարձնել քաղաքական իշխանության ազդեցության տակ։ Այստեղ կարևորագույն խնդիրը՝ հանրային և մասնավոր շահի բալանսավորման խնդիրն է։ Այն գործընթացները, որ մենք տեսնում ենք հատկապես Երևան քաղաքում, որովհետև գերկենտրոնացված է շինարարության գործընթացները, ակնհայտ են դարձնում, որ լուծումներն իրադրային են, նույնսիկ գործող օրենսդրության պայմաններում։ Եվ այդ իրադրային լուծումները շատ հաճախ հանգեցնում են ուղղակի մարդու հիմնարար իրավունքների և հատկապես  սեփականության իրավունքի անձեռնմխելիության խախտմամբ»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը։ 

Նա մասնավորապես նշեց, որ քաղաքացիների դիմումներին ընթացք չեն տրվել արձանագրվել է, որ դիմումները շինթույլտվութուններ ստանալու հետ կապված, շատ պարագաներում մերժվել են՝ առանց իրավական հիմնավորումների և սա բերում է հաջորդ քայլին՝ քաղաքացիները դիմում են  դատական մարմիններին, որոնք, հատկապես վարչական դատարանն այսօր գերծանրաբեռնված է։

Մանրամասները՝ տեսանյութում