Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջատար գիտաշխատողը 30 տարի ստանում էր 114 հազար դրամ, այսօր արդեն՝ 357 հազար

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում շարունակում է քննարկվել 2022 թվականի բյուջեի մասին նախագիծը:

Խոսելով առաջնահերթությունների մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ պաշտպանության բյուջեն ավելացել է 11 տոկոսով (8 մլրդ-ով), ազգային անվտանգության ծառայությանը՝ 23 տոկոսով (34 մլրդ-ով):

«Երբ մենք 89 տոկոսով ավելացնում ենք գիտության բյուջեն, առաջին հերթին ստեղծում ենք միջավայր, որտեղ գիտություն պետք է զարգանա: Առաջատար գիտաշխատողը 30 տարի ստանում էր 114 հազար դրամ, և կներեք, էլի, այդտեղ գիտություն կարո՞ղ էր զարգանալ:

Այժմ այդ աշխատավարձը բարձրացել և դարձել է 357 հազար, և սա ամենակարևոր մեսիջն է»,- ընդգծեց նա:

Խոսելով կապիտալ ծախսերի մասին՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ դրանք 60 տոկոսով ավելացել են. «Ջրանցքների, ճանապարհների, դպրոցների կառուցումը կայուն տնտեսական աճի հիմք կդառնա, ինչի արդյունքում էլ կկարողանանք բարձրացնել սոցիալական ծախսերը»: