Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2021-ի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ կառույցները առկա են օդային լուսանկարների վրա. Կադաստրի կոմիտեի նախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց այն ժամկետները, որից հետո ապօրինի շինությունները չեն օրինականացվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչու են հիմա ընդունում այս օրենքի նախագիծը: «Կադաստրի պետական կոմիտեն արդեն բավականին լավ տեմպերով իրականացնում է ՀՀ բնակավայրերի օդային լուսանկարահանումներ, և մենք կունենանք ՀՀ-ում իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ: Որևէ նոր ապօրինի կառույցի ի հայտ գալը մենք կարող ենք ֆիքսել»,- նկատեց վարչապետը:

Կադաստրի կոմիտեի նախագահը հավելեց, որ ամբողջ դաշտային աշխատանքները 100 տոկոսով ավարտված են. «Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում: 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է: Երբ ասում ենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցվածները երկամսյա ժամկետում պետք է ներկայանան Կադաստրի կոմիտե՝ հաշվառման, փակում ենք ժամանակագրական շարքը»:

Նրա խոսքով՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ կառույցները առկա են օդային լուսանկարների վրա, իսկ 2021-ից հետո կառուցված շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման. «Դրանով փակելու ենք ՀՀ-ում ինքնակամ շինությունների առկայությունը»: