Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համածառայակցի կողմից ծանր վիրավորված զինծառայողը Կապանում վիրահատվել է, ուղղաթիռով տեղափոխվում է Երևան․ Կապան ԲԿ

Համածառայակցի կողմից ծանր վիրավորված զինծառայողը Կապանում վիրահատվել է, ուղղաթիռով տեղափոխվում է Երևան․ Կապան ԲԿ
Հասարակություն
14:01, 09 декабрь 2021
Երեկ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորված զինծառայող Սենիկ Սահակյանը Կապան ԲԿ-ից տեղափոխվում է Երևան։

Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից։ 
«Սենիկ Սահակյանը Կապանի ԲԿ է բերվել գիշերը ժամը 2-ին։ Այս պահին զինծառայողին շտապօգնության մեքենայով տեղափոխում են դեպի ուղղաթիռը, որպեսզի տանեն Երևան։ Զինծառայողին ուղեկցում է նաև Կապանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովիկ Ասլանյանը»,- հավելեցին Կապանի ԲԿ-ից։ 

Նշենք, որ Սենիկ Սահակյանը ստորին վերջույթների՝ ծնկի հատվածում է վիրավորում ստացել։ Մեր տեղեկություններով նա արդեն Կապանի ԲԿ-ում վիրահատվել է։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։