Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաղթենք պատերազմը, հասնեմ Խորենչոյիս ծնունդին»․ կյանքը հայրենիքին զոհած զինծառայող Լևոն Համբարյանի վերջին երազանքը

«Հաղթենք պատերազմը, հասնեմ Խորենչոյիս ծնունդին»․ կյանքը հայրենիքին զոհած զինծառայող Լևոն Համբարյանի վերջին երազանքը
Հասարակություն
18:34, 10 март 2021
«․․․Որ իր ընկերներին հարցնում եմ՝ պատերազմի ընթացքում ի՞նչ ա խոսել, ի՞նչ ցանկություն ա ունեցել, ասում են, որ միշտ մեկ բան ա ասել՝ «Հաղթենք պատերազմը, հասնեմ Խորենչոյիս  ծնունդին»։ Երբ պոստերում էր, ինձ ասել էր էրեխեքին շատ է կարոտել, ես էլ նկարել, ուղարկել էի, որ տեսնի։ Բայց չէր տեսել, ինտերնետ չէր եղել, նկարները չէր տեսել»։

Պայմանագրային զինծառայող Լևոն Համբարյանն ընդամենը 27 տարեկան էր, երբ հոկտեմբերի  6-ին կյանքը նվիրեց հայրենիքին՝ առաջին իսկ օրվանից կռվելով Արցախյան պատերազմում։ Լևոնի կինը՝ 22-ամյա Հասմիկ Քարամյանը, ամուսնու մասին ակնածանքով է խոսում, նրան բնութագրում՝ շատ ծնողասեր և մեծերին հարգող, երեխաների հանդեպ  հոգատար հայր, իր հանդեպ անսահման ուշադիր ամուսին: 

«Սեպտեմբերի  30-ին՝ ծննդյանս օրը՝ ժամը 12-ին զանգել էր Լևոնը ու ասաց, որ հենց գա, իր հետ ծաղիկներ ա բերելու ինձ համար»,- պատմում է Հասմիկը։

Լևոնը բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի «Դուց» զորամաս, աշխատել՝ որպես պայմանագրային զինծառայող։ 2020 թվականի ամռանը Տավուշում մասնակցել է Հուլիսյան պատերազմին։

«Տարածք էին գրավել՝ «Անվախ դիրքերը»։ Պետք է ամուսնուս անվանական զենք տրամադրեին՝ որպես լավ զինվոր։ Ափսոս չհասցրին՝ սկսվեց Արցախյան պատերազմը։ Շատ շատ էր ոգևորված Հուլիսյան պատերազմից հետո։ Անընդհատ էդ նյութերն էր նայում, անընդհատ ինքն իրեն վերապատրաստում էր»,- պատմում է Հասմիկը։ 

Կնոջ խոսքով՝ Լևոնին «Դուց» զուրամասից մրցումների էին ուղարկում Երևան, ու նա մեծ առաջադիմություն էր ցուցաբերում միշտ, մեդալներ ու պատվոգրեր ստանում: Մի քանի օր առաջ էլ հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ 

Լևոնը սեպտեմբերի 27-ին է մեկնել Արցախ, բայց չի տեղեկացրել ոչ ոքի։ Ասել է Տավուշում է, ու ամեն բան նորմալ է, բայց իրականում կռվել է ամենաթեժ կետերում՝ Մատաղիսում ու այնտեղ էլ հոկտեմբերի 6-ին զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից։

«Շատ թեժ ա եղել մարտերը, ինքն էլ շատ աչքի ընկնող առաջատար զինվոր ա եղել, ու իրենց հրամանատարը ասել էր, որ Լևոնը իմ ամենալավ զինվորն ա եղել»,- պատմում է Հասմիկը։ 

Լևոնն ու Հասմիկը 4 տարի է ինչ ամուսիններ են։ Ունեն մեկ աղջիկ և մեկ տղա։ Տղան մեծն է՝ 2,5 տարեկան,  և, չնայած, որ չի հասկանում՝ որտեղ է հայրիկը, շատ է կարոտում նրան։

«Տղաս գնում էր ամուսնուս  մեքենան էր պաչում, էնտեղ էր նստում, որտեղ ինքն ու իր պապան խաղացել են։ Չի կարողանում ասել՝ որտեղ ա պապան, բայց շատ ա կարոտում: Տղայիս ծնունդն էլ հոկտեմբերի 13ին էր, իր մահից հետո...չհասցրեց»։ 

Երեխայի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 13-ին Լևոնի ընտանիքում զոհվել է նրա եղբայրը՝ քեռու տղան, ով ժամկետային զինծառայող էր։ 

Սյուզի Սիրականյան