Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրանով ուզում են սեպ խրել, ո՛չ Հակոբյան Գագիկին կարող է որևէ մեկը ծեծել, ոչ էլ մեզ. Վեդի-Ալկոյի սեփականատերը՝ իր որդիների կողմից Վեդիի թեկնածուին ծեծի ենթարկելու լուրերի մասին

Սրանով ուզում են սեպ խրել, ո՛չ Հակոբյան Գագիկին կարող է որևէ մեկը ծեծել, ոչ էլ մեզ. Վեդի-Ալկոյի սեփականատերը՝ իր որդիների կողմից Վեդիի թեկնածուին ծեծի ենթարկելու լուրերի մասին
Հասարակություն
15:36, 15 декабрь 2021
Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վեդիում, տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Սակայն մինչև այս պահը չի լուծվում այն հարցը, թե ով է ղեկավարելու Վեդի համայնքը։  

Ընտրությունների արդյունքներով՝ մասնակից քաղաքական ուժերից «Իմ հզոր համայնք»-ը ստացել է 8666 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7690 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299։ Ստացած ձայների համաձայն՝ ոչ մի ուժ չի հավաքել 50+1 տոկոս, իսկ համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն կլիներ, եթե կազմվեր կոալիցիա։ Ընտրություններից հետո ամենաքննարկվողը ՔՊ-«Հանրապետություն» հնարավոր կոալիցիան էր։

Սակայն, ինչպես պարզվեց, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Հակոբյանը՝ «Գոճի» մականունով, չի ցանկացել կազմել կոալիցիա։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Այս թեժ քննարկումների շրջանում երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Գագիկ Հակոբյանը ծեծի է ենթարկվել «Վեդի-Ալկո» ընկերության սեփականատիրոջ՝ Մանվել Ղազարյանի որդիների կողմից։

Civic.am-ի հետ զրույցում, մինչդեռ, Մանվել Ղազարյանը հերքեց ծեծի մասին ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը։ «Բացարձակապես նման բան չի եղել, և երեկ, երբ այդ լուրը կարդացել եմ, նյութի տակ գրել եմ, որ դա լկտի սուտ է։ Որոշակի շրջանակներ կան, որոնք ուզում են ուրիշի հաշվին կրակ վառել ու ձեռք տաքացնել։ Նախ ասեմ, որ Հակոբյան Գագիկը շատ պարկեշտ անձնավորություն է,  համայնքի հոգսերով ապրող, բացի դրանից, մենք Գագիկի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Ասեմ ավելին՝ գարնանից իրենց տարբեր ուժեր առաջարկել էին, խնդրել, համոզել, որ միանան իրենց, իրենք ոչ մեկին չմիացան, այլ միացան մեզ՝ «Հանրապետություն» կուսակցությանը, ու մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, հիմա էլ նույն թիմով մասնակցեցինք ՏԻՄ ընտրություններին։ Ուղղակի ընտրություններից առաջ Գագիկ Հակոբյանը Արամ Սարգսյանի հետ պայմանավորվել էր, որ որևէ ուժի չի միանալու. եթե կհաղթենք՝ կհաղթենք, չենք հաղթի՝ մենք որևէ ուժի չենք միանալու։ Անձամբ ես այդ մոտեցմանը դեմ եմ եղել, բայց իրենք այդպես էին պայմանավորվել, և Հակոբյան Գագիկը իր պայմանավորվածությունը պահեց մինչև վերջ, ու մանդատները չեն վերցնում, որպեսզի անցկացվեն երկրորդ ընտրություններ. որ քաղաքական ուժը հաղթի, այդ քաղաքական ուժն էլ կղեկավարի»,- ասաց Մանվել Ղազարյանը։ 

Նրա խոսքով՝ Yerevantoday-ից մի լրագրող զանգել և իր տղային հարցրել է կռվի, ծեծի մասին, տղան էլ ասել է, որ նման բան չի եղել, բայց լրագրողն ասել է, որ միևնույն է՝ գրելու է։ «Սրանով ուզում են սեպ խրել, ինչ-որ տարաձայնությունների սերմ գցել, բայց չեմ կարծում, թե որևէ մեկին հաջողվի նման բանի հասնել, սակայն երևույթը շատ վատն է, որ մեր անունն է շոշափվում»,- ասաց Մանվել Ղազարյանը՝ հավելելով․ «Իմ որդիները գործարարներ են, և իրենք վերջին 3-4 տարիների ընթացքում խոշոր հարկատուների ցուցակում մի քանի հարյուր կետով բարձրացել են, մեծ թվով աշխատատեղեր են ավելացրել, աշխատավարձերն են բարձրացրել, ու այդ ամեն ինչից հետո նման կեղծ բաներ են գրում, թե «Վեդի-Ալկոյում» Ղազարյան Մանվելի տղաները կռիվ են արել, մարդ են ծեծել և այլն, ինչը ընտանիքի, նույն Հակոբյան Գագիկի և իր ընկերների համար շատ վիրավորական է: Նա ընդգծեց նաև, որ ո՛չ Հակոբյան Գագիկին կարող է որևէ մեկը ծեծել, ոչ էլ իրենց կարող է որևէ մեկը ծեծել»։

Հարցին, թե այս պահին իր և Գագիկ Հակոբյանի միջև կա՞ որևէ լարվածություն, Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ որևէ լարվածություն չկա, պարզապես իր, Գագիկի և նրա ընկերների միջև եղել է քննարկում՝ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ։ 

«Ես առաջարկել եմ միանալ ՔՊ-ին, բայց Հակոբյան Գագիկը նախօրոք պայմանավորվել է Արամ Սարգսյանի հետ, որ որևէ ուժի չի միանալու, ու մարդը մնացել է հավատարիմ իր սկզբունքին, անկախ նրանից՝ իրեն ինչ առաջարկ է եղել մյուս կողմից»,- եզրափակեց Մանվել Ղազարյանը։ 
 
Լիլիթ Թադևոսյան