Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իհարկե, մենք երջանիկ չենք նվազագույն կենսաթոշակի բարձրացման չափից, բայց դա մեր շարունակական պարտավորությունն է. Վարչապետ

2022թ. հունվարի 1-ից կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում, ներկայացնելով նախագիծը, նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որոնցով բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակները, բայց դրանց բարձրացումը մեր շարունակական պարտավորությւոնն է: Կենսաթոշակների բարձրացումը մենք տեսնում ենք զարգացող տնտեսություն ունենալու մեջ: Կենսաթոշակների նվազագույն չափը մենք ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց, օրինակ, գիտության ոլորտում, եթե թույլ կտրվի այդպես ասել, դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»: 

Նա հույս հայտնեց, որ գիտության և կրթության, տեխնոլոգիաների ոլորտում ներդրած ներդրումները ի վերջո բերելու են այնպիսի շղթայական էֆեկտի, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ:
«2022 թվականին մենք հավակնոտ նշաձող ենք դրել տնտեսական աճի և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը այդ նշաձողն ապահովելու համար»,- հավելեց վարչապետը:

Նախարարը նշեց նաև, որ 2022թ. հունվարի 1-ից բարձրանալու է նաև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը. «Գյուղական բնակավայրում ապրող երեխայի ծնողի դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվում է 57 հազար 200 դրամ: Հաջորդ նախագծով նախատեսվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը տրամադրել ամսական 50 հազար դրամ, ինչը նույնպես միտված է ծնելիության աճին»: