Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել սեփական ուսումնական պլանները

Փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել սեփական ուսումնական պլանները
Հասարակություն
20:07, 16 декабрь 2021
Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` նախարարությունն սկզբունքային փոփոխություններ է առաջարկում մի քանի ուղղություններում: Առաջինը վերաբերում է հանրակրթության բովանդակությանը: Այստեղ խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրել  հմտություններով, արժեքներով եւ դիրքորոշումներով: Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել  սեփական ուսումնական պլանները: Նորարություններ են նախատեսվում ներառական կրթության  հատվածում` կթության առանձնահատուկ պայմանների փոփոխությունից  մինչեւ  ֆինասավորում: Ցանկում հաջորդը` ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է` ատեստավորման համատեքստում: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման  գործընթացը, եւ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարն առանձնացրել է կառավարման ոլորտը: Այստեղ նախատեսվում է տարանջատել տնօրենի գործառույթները` վարչատնտեսական եւ բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումը  կիրականացվի  կենտրոնացված կարգով, իսկ  տնօրեններին կվերապահվի միայն կրթության որակի եւ բովանդակության հարցերը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: