Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

«Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հասարակություն
21:36, 17 декабрь 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար: 
Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա մեկտեղելու Հայաստանի և Սփյուռքի  մասնագիտական ներուժը և հնարավորությունները՝ դրանք օգտագործելու ի նպաստ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը հավելել է, որ նախկինում իրականացվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որով հակառակ գործընթացն էր իրականացվում. մեր մասնագետներին հնարավորություն էր ընձեռնվել Սիլիկոնյան Հովտի ընկերություններում աշխատել և փորձառություն ձեռք բերել: 

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել Սփյուռքի երիտասարդ մասնագետներին՝ կյանքի կոչելու իրենց նախաձեռնությունները Հայաստանում: Այս առումով նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարները համընկել են, և նախատեսում ենք այն իրականացնել եկող տարվա ընթացքում»,- ասել է նախարարը: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժը» ՀՀ կառավարության ամենաառանցքայի
ն ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա Սփյուռքի երիտասարդներին,  ստարտափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ և, տեղափոխվելով Հայասատան, դրանք կյանքի կոչել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը: 

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ  դրամաշնորհի նախնական գումարը կլինի 80-100 միլիոն դրամի շրջանակներում: 

«Ներուժ» ծրագրի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: