Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Ռաֆիկ Պետրոսյանը

Մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Ռաֆիկ Պետրոսյանը
Հասարակություն
21:42, 17 декабрь 2021
Այսօր 81 տարեկանում կյանքից հեռացել է ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը։

Այս մասին հայտնում են Եվրասիա միջազգային համալսարանից։

«Անփոխարինելի կորուստ է ՀՀ իրավագիտության, մանկավարժության և կրթական համակարգի համար: Նման մարդկանցով երկիրը լցվում է բարությամբ, իմաստությամբ, գիտականությամբ…: Պարոն Պետրոսյանի նման մեծությունները հատկապես ապահովում են անցյալի և ներկայի միջև ազգային արժեքների պահպանումը և փոխանցումը: Մեծ է պարոն Պետրոսյանի ավանդը ԵՄՀ կայացման գործում…: Ցավակցում եմ հարազատներին, կիսում վիշտը»,-ասված է ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, պարոն Պետրոսյանի վաղեմի ընկեր Սուրեն Օհանյանի ցավակցական ուղերձում։
Պարոն Պետրոսյանը 1966-1970թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996թթ.` դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի և աշխատանքային խմբի անդամ:

2003-2007թթ.` Աազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

Նա իրավաբանների առաջին միության հիմնադիրն է (1989թ․) և շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ։

ԵՄՀ ամբողջ դասախոսական, ուսանողական կազմը ցավակցում է Պետրոսյանների ընտանիքին և հարազատներին։

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում։