Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից հետո էլ հաճախակի ենք լսում կրակոցների ձայներ, մեզ համար սովորական է դարձել. Վաղուհասի բնակիչը 6 երեխաների հետ վերադարձել է Արցախ

Պատերազմից հետո էլ հաճախակի ենք լսում կրակոցների ձայներ, մեզ համար սովորական է դարձել. Վաղուհասի բնակիչը 6 երեխաների հետ վերադարձել է Արցախ
Հասարակություն
19:00, 21 декабрь 2021
Վեց անչափահաս երեխաների մայր Մանուշակ Ասլանյանն ապրում է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Մանուշակի ծնողները, տատերն ու պապերը ևս արցախցի են, իր խոսքով՝ ինքը հորական կողմից բնիկ վաղուհասցի է։  Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մանուշակ Ասլանյանը երեխաների հետ տեղափոխվել էր Հայաստան, իսկ ամուսինը մնացել էր գյուղում՝ զինվորներին օգնելու։  

«Պատերազմի ողջ ընթացքում ամուսինս՝ Հայասեր Ասլանյանը, գյուղում է եղել, զինվորների համար հաց ու ջուր է տարել դիրքեր։ Ամուսնուս դիրքեր չեն բարձրացրել, ասել են՝ դու բազմազավակ ես, ինքն էլ ինչով կարողացել՝ օգնել է զինվորներին։ Պատերազմի ժամանակ ամուսինս ընդամենը 2 անգամ է կարողացել մեզ զանգել, սկզբում նույնիսկ տեղյակ էլ չէր, թե Հայաստանում որտեղ ենք բնակվում, ինչ ենք անում։ Երբ պատերազմն ավարտվեց, ես երեխաներիս հետ նոյեմբերի 16-ին վերադարձա մեր գյուղ, տունը ավերված չէր, թշնամին մեր գյուղ չէր մտել»,- պատմեց Մանուշակ Ասլանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Վաղուհասը դարձել է սահմանամերձ գյուղ, և Մարտակերտ կամ Երևան գալիս հանդիպում են Ադրբեջանի զինծառայողներին, որոնց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ 

«Ամուսինս Դրմբոնի ոսկու հանքում է աշխատում՝ Ադրբեջանի զինծառայողների դիրքերին շատ մոտ, իսկ մեր կողքի հայկական գյուղում՝ Չարեկտարի մոտ բարձունքներում, հիմա թուրքերի դիրքերն են։ Երևան վախվխելով ենք գնում-գալիս, որովհետև Շուշիի հատվածով ենք անցնում, այդտեղ էլ լրիվ թուրքեր են, ճիշտ է՝ ռուսներ էլ կան, իրենց հույսով ենք, բայց դե վախը, միևնույն է, կա։ Մարտակերտ գնալուց՝ Դրմբոնով անցնելիս, ճանապարհին մեկ էլ տեսնում ենք՝ թուրքերի ավտոմեքենաները գալիս են, ռուսն էլ առաջով գնում են Քարվաճառ կամ Դրմբոնով, Մարտակերտով անցնում։ Մարտակերտի գյուղերից շատերը վերցրել են, լրիվ թուրքեր են»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ պատերազմից հետո այլևս չեն կարող երեխաներին թողնել, որ գնան անտառ՝ բերք հավաքելու, որովհետև ճանապարհն անցնում է Ադրբեջանի զինծառայողների դիրքերի կողքով. «Նախքան պատերազմը երեխաներն ազատ գնում էին անտառ՝ ազնվամորի, հաղարջ, ընկույզ հավաքելու, նաև սինդրիկ ու բոխի քաղելու։ Բժշկական ծառայություններից օգտվելու համար էլ Մարտակերտ չենք գնում, Ստեփանակերտ ենք գնում, այնտեղի ճանապարհը նորմալ է։ Իսկ եթե թեթև վիճակ է՝ հազ, ջերմություն, Գետավան գյուղում բժիշկներ ունենք, իրենց ենք դիմում»։

Թեպետ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 44-օրյա պատերազմը դադարեց, բայց կրակոցները չեն դադարել։ Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմից հետո կրակոցների ձայներ են պարբերաբար լսում. «Մեկ տարի է՝ հաճախակի լսում ենք կրակոցների ձայներ, մեկ էլ ինչ-որ բան է տրաքում, բայց արդեն էլ ուշադրություն չենք դարձնում, մեզ համար սովորական երևույթ է դարձել»։  
Մանուշակ Ասլանյանի 6 երեխաներից 5-ը դպրոցական են։ Պատերազմի օրերին ապրել են Սևանում և այնտեղ էլ շարունակել իրենց ուսումը։ Հիմա, երբ արդեն վերադարձել են Վաղուհաս, իրենց դպրոցն են հաճախում՝ գյուղի դասընկերների հետ միասին, իսկ երեխաներից ամենափոքրը տանն է մնում՝ գյուղում մանկապարտեզ չկա։

Մանուշակ Ասլանյանը Վաղուհասի դպրոցում է աշխատում՝ ասաց, որ ներկա դրությամբ դպրոցում ավելի քան 200 աշակերտ է սովորում, և բոլոր վաղուհասցիները՝ բացառությամբ 3 ընտանիքի, պատերազմի ավարտից հետո վերադարձել են իրենց տուն։  
 «Ես կգերադասեի Արցախում, մեր գյուղում մնայի, ինչ իմանանք՝ ուրիշ տեղ ինչ կարող է լինել։ Կուզենայինք՝ Հայաստան-Արցախ տարբերություն չլիներ, նույն հայերն ենք։ Կուզենայինք՝ Արցախը Հայաստանին միանար»,- իր ցանկությունը հայտնեց մեր զրուցակիցը։    

Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն գրավել էր ԼՂԻՄ-ի կազմում եղած Հադրութի շրջանը, Շուշի քաղաքն ու մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտի ու Մարտունու շրջաններից։ Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Ակնան (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Մեխակավանը (Ջաբրայիլ), Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Քարվաճառը (Քելբաջար) և Բերձորը (Լաչին), իսկ Արցախի որոշ հատվածներում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Պատերազմի հետևանքով տեղահանվել էին շուրջ 40․000 արցախցիներ, որոնք ապաստան էին գտել Հայաստանում։ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ 40․000 տեղահանված արցախցիներից մինչ օրս Արցախ է վերադարձել մոտ 20․000-ը։

Նարա Մարտիրոսյան