Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկադիրը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը

Հարկադիրը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը
Հասարակություն / Իրավունք
20:26, 11 март 2021
Դատական ակտերի  կատարման հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը՝ տարածքն ազատելու համար։ Ժիրայր Ավանյանն, ով  արդեն 13 տարի պայքարում է Պուշկինի 10 հասցեում գտնվող  իր սեփականությունը չկորցնելու համար, ասում է՝ ռեստորանի տարածքը երբեք վաճառել չի ցանկացել, բայց պարզվում է տարածքն արդեն իրենը չէ, այլ կառուցապատողինը. գրում է a1plus.am-ը:

Թեև հարկադիրը հստակ ժամկետ է ներկայացրել, երևանյան հայտնի ռեստորանի սեփականատերն ասում է՝ իր տարածքը որևէ մեկին տալ չի պատրաստվում․«Դռան առաջ կանգնելու եմ և ասելու եմ իմ վրայով պետք է անցնեք, ինձ պետք է ծեծեք, ես դուրս չեմ գալու»։

Ավանյանը նույնիսկ չի հետաքրքրվել՝ որքան փոխհատուցում են պատրաստվում իրեն տալ, որովհետև պատմությունն ի սկզբանե համարում է անհեթեթություն։

Դեռ 2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային  շահ։ Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող  «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:

 Թե ինչ է կառուցվելու կոնկրետ «Դոլմամա» ռեստորանի տեղում, Ավանյանին հայտնի չէ․«Այս տարածքում ինչ-որ վերցրել են մինչև հիմա, ուրիշ բիզնեսների տվել են վարձակալության»,-նշում է Ավանյանը։

«Լոկալ Դեվելոփերս»-ը դիմել էր դատարան, որպեսզի փոխհատուցման դիմաց «Դոլմամա» ռեստորանի սեփականատերը՝ Ժիրայր Ավանյանը, ազատի տարածքը․
«Դատարանի որոշումը եղել է, որ այս տարածքը պետք է տրվի ուրիշ սեփականատիրոջ, այսինքն՝ գերակա շահ նշանակում է մի սեփականատիրոջից վերցնել տալ ուրիշ սեփականատիրոջ»,-նշում է Ավանյանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո «Դոլմամա»-ի սեփականատերը  նամակով դիմել էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես նշել էր՝ Հայաստանում որքան գործի «հանրային գերակա շահ» հորջորջվող կողոպուտի տեսակը, սեփականության անձեռնմխելիությունը չի հաստատվի որպես գերակա իրավունք։ 

2020 թվականին Քաղաքաշինության Կոիտեում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը Կառավարությանը առաջարկել էր Երևանի կենտրոնում բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկին, Տերյան, Եզնիկ Կողբացու եւ  Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքն այլևս  չիրացնել և պահպանել։  

 Ռեստորանի սեփականատերը վստահ է՝ նման վերաբերմունքով Հայաստանը սփյուռքից և արտասհմանից ներդրողներ ներգրավել չի կարող․
Ավանյանն ասում է՝ իր հյուրերին շատ ավելի համեղ կկերակրեր, եթե այս տարիների ընթացքում զբաղվեր միայն իր ռեստորանային բիզնեսով և ստիպված չլիներ հայտնվել դատական քաշքշուկների կենտրում։