Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ սեռական բռնության ենթարկված երեխաների վարման կլինիկական ուղեցույցի և ալգորիթմի մասին

Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ սեռական բռնության ենթարկված երեխաների վարման կլինիկական ուղեցույցի և ալգորիթմի մասին
Հասարակություն
11:28, 29 декабрь 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 24-ին հրաման է ստորագրել, որով հաստատել սեռական բռնության ենթարկված երեխաների վարման կլինիկական ուղեցույցը և ալգորիթմը։

Ուղեցույցի նպատակն է ապացուցողական արժեք ունեցող տեղեկություններ տրամադրել երեխայի հանդեպ սեռական բռնության կասկածի դեպքում վարման վերաբերյալ: Նշվում է, որ այն չի հակասում, այլ հիմնվում է եվրոպական, ամերիկյան, կանադական ապացուցողական բժշկության արդի գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:

Հրամանը ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 25-ին։

Սեռական բռնության դեպքում, բժշկական ծառայություններ մատուցողները պետք է գենդերային առանձնահատկությունները հաշվի առնող առաջնային աջակցություն ցուցաբերեն և կենտրոնանան երեխաների կամ դեռահասների վրա: Առաջնային աջակցությունը ներառում է հետևյալը.
  • հարգանքով և կարեկցանքով լսել երեխայի կամ դեռահասի և նրա խնամակալների կողմից տրամադրված տեղեկատվությունները.
  • բացահայտել երեխայի կամ դեռահասի հոգսերը, մտահոգությունները և կարիքները և պատասխանել նրանց բոլոր հարցերին.
  • բռնության բացահայտման դեպքում ջանքեր գործադրել բոլոր տեսակի վնասները նվազագույնի հասցնելու համար.
  • ցուցաբերել անաչառ և աջակցող վերաբերմունք՝ հանգստացնելով երեխային կամ դեռահասին, հավաստիացնելով, որ իրենք մեղավոր չեն բռնության մեջ և, որ նրանք ճիշտ են վարվել, որ բարձրաձայնել են բռնության մասին.
  • հնարավորության դեպքում քայլեր ձեռնարկել՝ երեխայի կամ դեռահասի անվտանգության պահպանումը բարելավելու և վնասները նվազագույնի հասցնելու համար, ներառյալ հավանական շարունակական բռնության բացահայտմանը ուղղված գաղտնիության ապահովումը.
  • զգացմունքային և գործնական աջակցություն տրամադրել՝ հեշտացնելով երեխայի կամ դեռահասի և նրանց խնամողների համար հոգե-սոցիալական
  • աջակցության հասանելիությունը. նման աջակցությունը կարող է ներառել խորհրդատվական ուղղորդումներ, սոցիալական ծառայություններ, երեխաների պաշտպանության, ոստիկանության և իրավաբանական ծառայություններ.
  • տարիքին համապատասխան տեղեկատվություն և բացատրություններ տրամադրել երեխաներին և դեռահասներին ու նրանց խնամակալներին այն մասին, թե ինչ հետաքննություն է իրականացվելու, ինչ տեսակի բուժում է առաջարկվելու նրանց և, արդյոք, պարտադիր է համապատասխան մարմիններին բռնության վերաբերյալ հաղորդում տալը.
  • Ժամանակին երեխայի կամ դեռահասի կարիքներին ու ցանկություններին համապատասխան օգնություն ցուցաբերել (օրինակ, տրիաժ, երբ անհրաժեշտ է երկար սպասելուց խուսափել, սակայն չշտապեցնել նրանց).
  • նախապատվություն տալ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցողներին.
  • ստեղծել բժշկական օգնության տրամադրման համար համապատասխան պայմաններ և եղանակներ՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները և խտրականության ենթարկվողների կարիքները.
  • նվազագույնի հասցնել երեխայի կամ դեռահասի բուժհաստատության մի քանի կետեր գնալու անհրաժեշտությունը և ապահովել, որ բուժհաստատության ներսում նրան ուղեկցեն խնամողը կամ մեկ այլ չափահաս.
  • խնամողներին տեղեկատվություն տրամադրել՝ երեխայի կամ դեռահասի հնարավոր ախտանիշները և/կամ վարքագիծն առաջիկա օրերին և ամիսներին հասկանալու և օգնության դիմելու ճիշտ ժամանակահատվածի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:
Գործողությունները, որոնք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չեն կամ կարող են սրել երեխայի կամ դեռահասի տրավման կամ դիսթրեսը և, հետևաբար, չպետք է ձեռնարկվեն, հետևյալն են.
  1. այսպես կոչված «Կուսության թեստ» (նաև հայտնի է որպես «Երկու մատի թեստ» կամ հեշտոցային հետազոտության կատարում): Այն գիտականորեն հիմնավորված չէ (այսինքն՝ սեռական բռնության կատարման ապացույցներ չի տրամադրում), ավելացնում է դիսթրեսը, տրավման և մարդու իրավունքների խախտում է համարվում.
  2. հայելիներ կամ անոսկոպներ, ինչպես նաև հեշտոցի կամ ուղիղ աղիքի թվային կամ բիմանուալ հետազոտություններ նախասեռահասուն տարիքում սովորաբար չեն պահանջվում, եթե չկա բժշկական ցուցում. եթե անհրաժեշտ է հայելային հետազոտությունը, ապա անհրաժեշտ է դիտարկել սեդացիայի կամ ընդհանուր անզգայացման կիրառումը:

Մանրամասները՝ այստեղ։