Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցնող տարում իրականացվել են սոցիալական մեծածավալ ծրագրեր. նախարար

Անցնող տարում իրականացվել են սոցիալական մեծածավալ ծրագրեր. նախարար
Հասարակություն
18:15, 29 декабрь 2021
2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմից անմիջապես հետո ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ, իրականացրել է արցախահայության սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր՝ մեր հայրենակիցների սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծումը հնարավորինս արագ ապահովելու նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:

«Արցախցիներին տրամադրվել է 68 000-ական դրամի չափով միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ ևս 15 000 դրամ: Տրամադրված աջակցութան ընդհանուր չափը կազմել է շուրջ 7 279 820 դրամ, աջակցություն ստացած անձանց թիվը` շուրջ 99 362 քաղաքացի: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրամադրվել է 300 000 դրամի չափով միանվագ աջակցություն, որն, ընդհանուր առմամբ, կազմել է 8 967 300 000 դրամ։ Աջակցությունից օգտվել է 29 891 քաղաքացի: Պատերազմական ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին տրամադրվել է միանվագ աջակցություն՝ 250 000-ական դրամի չափով, որը կազմել է շուրջ 946 մլն դրամ. աջակցությունից օգտվել է 3 784 քաղաքացի: Իրականացրել ենք նաև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին վեցամսյա աջակցության ծրագիր. Հայաստանում տրամադրվել է ամսական 30 000դրամի, իսկ Արցախում՝ 45 000 դրամի չափով: Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին եռամսյա աջակցության տրամադրման արդյունքում Հայաստանում հատկացվել է ամսական 30 000 դրամ, իսկ Արցախում՝ 45 000 դրամի չափով: Նախադպրոցական տարիքի երեխաներին միանվագ 20 000 դրամի չափով աջակցություն է տրամադրվել: Աջակցություն ստացած երեխաների թիվը կազմել է շուրջ 14 700 հոգի, իսկ տրամադրված աջակցության չափը՝ շուրջ 293 մլն դրամ»,-ներկայացրել է Ա. Պետրոսյանը:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին տրամադրվել է սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով:

«Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստանալու դեպքում` հատկացվող գումարի ճափը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 ՀՀ դրամ: Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ, տրամադրվել է ֆինանսական օժանդակություն` ընդհանուր առմամբ` շուրջ 2մլրդ դրամի չափով, իսկ աջակցություն ստացած շահառուների թիվը՝ 4764: Պատերազմի ընթացքում անհայտ կորած և գերեվարված անձանց ընտանքիներին ամսական 300 000դրամի չափով օժանդակություն տրամդրվում է 6 ամիս ժամկետով: 300 000 դրամի չափով աջակցություն տրամադրվել է նաև պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած անձանց առանձին խմբերին»,-նշել է նախարարը: