Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդլայնվում են սոցիալական փաթեթի ծառայությունների ուղղությունները․ Ժորա Սարգսյան

Ընդլայնվում են սոցիալական փաթեթի ծառայությունների ուղղությունները․ Ժորա Սարգսյան
Հասարակություն
13:46, 12 март 2021
Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում հյուրընկալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Քննարկման թեման սոցիալական փաթեթի ծառայությունների ավելացման նախագիծն է:

Պարոն Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթի հատկացման կարգը գործում է 2012 թվականից և առաջին անգամ է, որ արմատական վերանայման է ենթարկվում, և առաջարկվում են բավականին մեծ թվով փոփոխություններ:

«Այս փոփոխությունները միտված են ինչպես դրանց կիրառման հետ կապված խնդիրների լուծմանը, այնպես էլ հնարավորություն են տալիս կանխել հոսունությունը՝ պետական համակարգից, մասնավոր համակարգ», – նշեց նա։

Պարոն Սարգսյանի խոսքով՝ առաջին հերթին առաջարկվում է սոցփաթեթի ծառայությունների ուղղություններ ընդլայնել: Գործող կարգավորումների համաձայն ներկայումս սոցփաթեթի մեջ շահառուները կարողանում են իրենց գումարները ծախսել 4 ուղղություններով․ «Այս ուղղություններն են՝ հանգստի ապահովումը, հիփոթեկային վարկի մարումը, (այն վարկերը, որոնք ստացվել են պետական սուբսիդավորմամբ), ուսման վարձի վճարումը և լրացուցիչ ապահովագրական ծառայությունների ձեռքբերումը»։

Նրա խոքով՝ քանի որ գործող կարգը սահմանափակել է այս 4 ուղղությունները, այս նախագիծը առաջարկում է, որպեսզի սոցփաթեթի շահառուները կարողանան իրենց գումարները ուղղել նաև մարզա–առողջարարական, սպորտային և նման ծառայություններից օգտվելուն: 

«Գիտենք, որ աշխատանքները հիմնականում նստակյաց են ամբողջ օրվա ընթացքում և սա միտված է առողջ ապրելակերպի զարգացմանը», – նշեց Սարգսյան։

Նրա խոսքով՝ ուսման վարձի վճարման հետ կապված լինում են դեպքեր, երբ այն  իրականացվում է նախապես վարկային միջոցների ներգրավմամբ․ ուսանողները ուսման վարկ են վերցնում և որոշ դեպքերում այդ ուսման վարձը լինում է պետական սուբսիդավորմամբ: 

Այս նախագծով հնարավորություն է տրվում սոց․ փաթեթի գումարների հաշվին վճարել ոչ միայն ուսման վարձը, այլ նաև՝ ուսման վարկերը:

«Գուցե ուսանողը վարկը վերցնում է ուսումնառության տարիներին և հետագայում՝ ավարտելուց հետո է մարում իր վարկը: Այս նախագիծը հնարավորություն կտա արդեն իսկ աշխատող ուսանողին (եթե այնպիսի տեղում է աշխատում, որ ունի սոց․ փաթեթից օգտվելու իրավունք) կամ իր ընտանիքի անդամին գումարները ուղղել ուսումնական վարկի մարմանը», –նշեց պարոն Սարգսյանը։

Գործող կարգավորումների համաձայն, հնրավարություն է տրվում նաև ձեռք բերել լրացուցիչ առողջության ապահովագրություն։ Սարգսյանի խոսքով՝  ապահովագրական ընկերություններ կան, որոնք  գործնականում այդ ծառյությունները չեն մատուցում, քանի որ լրացուցիչ ծառայությունները հիմնականում այնպիսին են, որոնցից օգտվելու հավանականությունը բավականին մեծ է շահառուների կողմից, օրինակ՝  ստոմատոլոգիական ծառայությունները: 

«Որպեսզի այս խնդիրը լուծվի, և մեր սոցփաթեթի շահառուները, ցանկության դեպքում, ուղիղ կարողնանան իրենց գումարները ուղղել նմանատիպ բուժական ծառայությունների ձեռքբերմանը, մենք առաջարկում ենք սա դիտարկել ապահովագրության միջոցով՝ ինչպես ներկայումս է, բայց իրականում չի իրականացվում», – նշեց նա։

Նրա խոսքով՝ այս ծրագրով հնարավորություն է տրվում շահառուին, ցանկության դեպքում, սոց․ փաթեթի գումարը, որը մեկ տրվա համար մաքսիմում 72 հազար դրամ է, փոխանցել, օրինակ, այն ստոմատոլոգիական կազմակերպությանը, որտեղ սպասարկվում է:

Այն կազմակերպությունների և բուժհաստությունների ցանկը, որտեղից պետք է կարողանան օգտվել շահառուները, սահմանելու է Առողջապահության նախարարությունը։