Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի փաստաբանը «զավեշտ» է համարում այսօր հրապարակված մեղադրական եզրակացությունը

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի փաստաբանը «զավեշտ» է համարում այսօր հրապարակված մեղադրական եզրակացությունը
Հասարակություն
17:01, 12 март 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ ընթանում է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը կարդաց մեղադրական եզրակացությունը, որին Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը արձագանքեց․ «Քրեական գործում շատ զավեշտներ կան։ Զավեշտ է, երբ որ մեղադրանքում գրվում է ընդհանուր հովանավորչություն, սակայն քրեական օրենսգրքում ընդհանուր հովանավորչության համար գումար պահանջելը կաշառք  չի դիտվում»։

Ըստ փաստաբանի՝ քանի դեռ այդ հարցը պարզաբանված չէ՝ Գեւորգ Լոռեցյանի պաշտպանության իրավունքը խախտված է։ Այնուհետեւ Սահակյանը հարց ուղղեց դատավորին․ «Ինչպե՞ս Գեւորգ Լոռեցյանը ապացուցի, որ ընդհանուր հովանավորչության համար գումար չի պահանջել, եթե ինքը չգիտի ընդհանուր հովանավորչությունն ինչ է»։

Նրա խոսքով՝ մեղադրանքում հստակ նշված է, թե իր լիազորությունների շրջանակում Գեւորգ Լոռեցյանը ինչ խոչընդոտներ կարող է ստեղծել։  «Կխնդրեմ մեկ նախադասություն կարդալ կամ հայտարարեք, որ այս խոչընդոտը պարոն Լոռեցյանը կարող էր ստեղծել իր պաշտոնեական դիրքից ելնելով»։ 

Հիշեցնենք՝ Գեւորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ըստ ԱԱԾ-ի՝ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողներից մեկին, վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել դրա դիմաց ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նա կալանքի տակ է 2019 թվականի դեկտեմբերից: