Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Հասարակություն
16:11, 05 январь 2022
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝  նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,  ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը,  «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ թեեւ նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ ու  բազմաշերտ են: Տարաբնույթ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների, որոնք սահմանափակում են  այդ անձանց՝ լիարժեք եւ հավասար կրթություն ստանալու  իրավունքը,  աշխատանք գտնելու հնարավորությունը: Նշվել է, որ շատ հաճախ գործատուներն անհիմն կերպով հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Որպես լրջագույն խնդիր՝ քննարկման մասնակիցները նշել են նաեւ միջավայրի ֆիզիկական մատչելիության հարցը՝ հավելելով, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակն ու պետական կառավարման մարմինների շենքերը  հարմարեցված չեն նրանց կարիքներին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է կոալիցիայի հետ հանդիպումը՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում դրանք լինելու են իր ուշադրության կենտրոնում եւ իր իրավասությունների շրջանակում փորձելու է աջակցել դրանց լուծմանը: