Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աստված ենք կանչում, որ գոնե մեկը գերի ընկած լինի, որ ճիշտն իմանանք մեր 73 հոգու մասին». զոհված զինվորի մայր.Forrights.am

«Աստված ենք կանչում, որ գոնե մեկը գերի ընկած լինի, որ ճիշտն իմանանք մեր 73 հոգու մասին». զոհված զինվորի մայր.Forrights.am
Հասարակություն
20:29, 12 март 2021
Ղազարյանների ընտանիքն առաջիններից էր, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Երեւանից մեկնել էր Արցախ` փնտրելու հոկտեմբերի 11-ից անհետացած որդուն: 20-ամյա Էդուարդ Ղազարյանին նրանք ստացել ու հողին են հանձնել դրանից ավելի քան երեք ամիս անց միայն. գրում է forrights.am-ը:

«Ես, կինս, էրեխես գնացինք: Մարդ չկար, մեքենա չկար, խանութները փակ էին: Հետո ես բոլորի ծնողներին ասացի` մեր գործը հիմա էստեղ ա, մենք պետք է էստեղ լինենք, ուրիշ ոչ մեկին այս ամենը պետք չի, ու բոլոր ծնողները հավաքվեցին: Մեկ գնացինք Արայիկ Հարությունյանի մոտ, մեկ գնացինք զորամաս…»,- պատմում է Էդուարդի հայրը` Ալեքսանդր Ղազարյանը:

Նա նշում է, որ զինվորների որոնողական աշխատանքներում ՊԲ-ն որեւէ կերպ չի մասնակցել, չի աջակցել, ամենը արել է ԱԻՆ-ը: «ՊԲ-ն անգամ մեզ լսել չէր ուզում: Մեզ ոչինչ չէին ասում, հետո պարզվեց, որ թաքցնում էին իրականությունը»,- ասում է նա:

Նախկինում անդրադարձել էինք հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ի վաշտի 73 զինվորների անհետացմանն, ապա նրանց գերակշիռ մասի մասունքների հայտնաբերման պատմությանը: Դեռեւս որպես անհետ կորած որոնվում են 6 հոգին, մնացած զինվորները ճանաչվել են ԴՆԹ հետազոտության միջոցով:
Օրերս մեզ հայտնի դարձավ, որ տեղի ունեցածի հետ կապված զոհված եւ դեռեւս չհայտնաբերված զինծառայողների ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել` 375 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել էռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով):

Ալեքսանդր Ղազարյանը ասում է, որ իրենց հաջողվել է պարզել` իր որդուն ու նրա զինակիցներին Մարտունիից Հադրութ էին ուղարկել գաղտնի հրամանով:

«Գաղտնի հրամանի մեջ գրած է…դրա մեջ Զալալ Հարությունյանի անունն է գրած, Վարդանյան Կամոյի… հրաման է, որ էրեխեքը պետք է հասնեն 9- րդ կոլցո, մտնեն Առուստամյան Կարենի` Հադրութի կոմդիվի հսկողության տակ: Հրաման կատարողներն էլ արել են ինչպես պատահի, մենակ թե անեն պրծնեն»: Հրամանի մեջ գրված է, որ վաշտը պետք է ուղարկվի առավոտյան ժամը 9-ին, բայց նրանք շարժվել են ժամը 14.00-ին, մինչդեռ պատերազմի ժամանակ ամեն րոպեն կարեւոր է: Չի բացառվում, որ զինվորների ողբերգական մահվան պատճառներից մեկը կարող էր լինել նաեւ դա:
Ղազարյանն ասում է` մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ… «Աստված ենք կանչում, որ գոնե մեկը գերի ընկած լինի, որ ճիշտը իմանանք մեր 73 հոգու մասին»:

Էդուարդ Ղազարյանիմայրը` Նատալյա Պապանյանը պատմում է, որ մինչեւ հոկտեմբերի 11-ին Հադրութ մեկնելը վաշտի զինվորները ծանր մարտեր են վարել Մարտունիում.

«Հերոսաբար են դիրքեր պահել: Դրա մասին մեզ պատմել է ոչ թե հրամանատարը կամ զինկոմը, այլ էրեխեքի մոտ եղած կամավորները, ովքեր երկու շաբաթ նրանց հետ պահել են դիրքերը: Ու միայն այդ կամավորներն են մեր երեխաների հոգեհանգստին եղել, թաղմանը, հուղարկավորությանը»:
Զոհված զինվորի մոր համար անհասկանալի է` ինչպես է հնարավոր լավագույն վաշտին ուղարկել թշնամուն հանձնված տարածք, իսկ հետո չուղարկել օգնություն, անգամ այն բանից հետո, երբ նրանք կապ են հաստատել ու օգնություն խնդրել:

«Բոլորը հիմա ասում են, որ գլուխս բարձր պետք է քայլեմ, որ հերոսի մայր եմ, բայց ես այդ գնով հերոսի մայր չէի ուզում լինել: Թող իմ տղան ապրեր, թող հերոս չլիներ»,- ասում է Նատալյա Պապանյանը: