Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ Արարատի մարզում. 88-ամյա կինը «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ Արարատի մարզում. 88-ամյա կինը «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
15:00, 10 январь 2022
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա  Մ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ  վնասվածքը ստացել է անհայտ  որսորդի անզգուշաբար  կրակոցից:

Արդեն ժամանելով դեպքի վայր, Մասիսի ոստիկանները՝  հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի գլխավորությամբ,  դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ:

Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու,  նրան  հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Մասիսի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: