Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ
Հասարակություն
16:38, 11 январь 2022
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով խմբակցությունը մասնավորապես առաջարկում է 68 հազար դրամի փոխարեն ամսական նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ:

Ընդ որում ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից:

Նախագծի հիմնավորումներով նշվում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես նկատի ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից՝  ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին և աղքատության մակարդակին վերաբերող տվյալները:

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ, դրա համար առաջին քայլերը նախատեսվում են 2023-ից: