Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունն ասել է, որ Ազարյանի վճիռը սխալ է, սա գնահատական է, և մեր ամոթն է, որ նա ուզում է ավելի վերև բարձրանալ. արդարացված քաղբանտարկյալը՝ իրեն դատապարտած դատավորի մասին

Պետությունն ասել է, որ Ազարյանի վճիռը սխալ է, սա գնահատական է, և մեր ամոթն է, որ նա ուզում է ավելի վերև բարձրանալ. արդարացված քաղբանտարկյալը՝ իրեն դատապարտած դատավորի մասին
Հասարակություն
15:44, 12 январь 2022
Հունվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը, որի օրակարգում ՀՀ դատավորների միության նախագահի և երկու փոխնախագահների ընտրություններն են: Նշենք, որ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել:  Այդ վճիռների մի մասն արդեն իսկ բեկանվել է ՄԻԵԴ-ում: Նշենք նաև, որ 2008-ին Ազարյանը ընդդիմության որևէ ներկայացուցչի չի արդարացրել։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի հետ, որին 2008 թվականի մարտի 1-ից հետո դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատապարտել էր վեց տարվա  ազատազրկման։ Իսկ 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար: Արդյունքում դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ:

«Իմ կարծիքն արձանագրված է իրավաբանորեն՝ կայացված դատավճռով, որ Ազարյանի վճռով ես դատապարտվել եմ վեց տարվա ազատազրկման՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Ես հիմա արդարացված եմ, պետությունը դարձել է մեղավոր՝ ինձ դատապարտելու համար, որ երեք տարի երկու ամիս, գումարած տարիուկես էլ ստորագրությամբ, որպեսզի չհեռանամ, մոտ հինգ տարի գտնվել եմ անազատության մեջ։ Սա արդեն Ազարյանի գնահատականն է, մնացածը պետության գործն է»,- ասաց Արամ Բարեղամյանը։
Նա նշեց, որ սա համարում է մեր ամոթը, երբ դատավոր Ազարյանը կարող է մարդկանց ընտանիքից զրկել, ընտանիքի արժանապատվությանը բարոյապես դիպչել, անազատության մեջ պահելու որոշում կայացնել, դրանից հետո էլ ուզում է ավելի վերև բարձրանալ։

«Պետությունն ասել է, որ Ազարյանի վճիռը սխալ է, սխալ են արել, որ դատապարտել են, ներողություն ենք խնդրում։ Սա գնահատական է, իմ կարծիքն այստեղ արդեն այդքան կարևոր չի։ Դե յուրե դատավճռով Ազարյանն արդեն մեղավորություն ունի, այսքանը բավարար չէ՞»,- ասաց Արամ Բարեղամյանը։

Հիշեցնենք նաև, որ  Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներից է։

Լիլիթ Թադևոսյան